ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ս.թ. ապրիլի 2-ին առցանց ձևաչափով մասնակցեցին Մոսկվայի պետական համալսարանի «Լոմոնոսովյան ընթերցումներ-2026» ամենամյա միջազգային գիտաժողովին և ներկայացրին զեկուցումներ։
Գիտաժողովի շրջանակում Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի խնդիրներ» բաժանմունքի բացման արարողության առթիվ ողջույնի խոսք հղեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը: Ընդգծելով գիտաժողովի կարևորությունը որպես հեղինակավոր հարթակ՝ դեկանը նշեց, որ այն նպաստում է ակադեմիական երկխոսության զարգացմանը:
«Այսօր սոցիալ-տնտեսական զարգացումը պայմանավորված է ոչ միայն դասական աճի գործոններով, այլև ինստիտուտների որակով, ֆինանսական համակարգերի կայունությամբ, թվային վերափոխմամբ, աշխատաշուկայի փոփոխություններով, ժողովրդագրական միտումներով և գլոբալ միջավայրի աճող անորոշությամբ։ Այդ պայմաններում առավել կարևոր է, որ քննարկումները, որոնք կծավալվեն գիտաժողովի շրջանակում, ներառեն ինչպես տեսական մոտեցումներ, այնպես էլ կիրառական լուծումներ»,- նշեց դեկանը՝ բարձր գնահատելով գործընկեր ֆակուլտետների և համալսարանների միջև ձևավորված համագործակցային հարաբերությունները: Կ. Խաչատրյանի խոսքով՝ վերջին տարիներին փոխգործակցային հարաբերությունները հարստացել են ակադեմիական փոխանակման ծրագրերով, համատեղ նախաձեռնություններով և գիտահետազոտական համագործակցությամբ։
«Մեզ համար սա պարզապես ձևական համագործակցություն չէ, այլ փոխադարձ հարգանքի, վստահության և կրթության ու գիտության բարձր որակի նկատմամբ ընդհանուր մոտեցման վրա հիմնված բարեկամություն։ Վստահ եմ, որ գիտաժողովն ու քննարկումները կնպաստեն նոր գաղափարների ձևավորմանը և համատեղ ծրագրերի զարգացմանը»,- շեշտեց դեկանը:
Գիտաժողովի նիստը նախագահում էր Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի տնօրենի տեղակալ, դոցենտ Արտյոմ Յակովլևը:
Դեկան Կ. Խաչատրյանը, ամփոփելով իր խոսքը, շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին, փոխգործակցության ոլորտում ներդրում ունեցող գործընկերներին, այդ թվում՝ Մոսկվայի տնտեսագիտական դպրոցի տնօրեն, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Նեկիպելովին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ֆակուլտետը բաց է համագործակցության խորացման համար։ Գիտաժողովից ակնկալելով արդյունավետ աշխատանք, բովանդակալից քննարկումներ և նշանակալի գիտական արդյունքներ՝ նա միաժամանակ հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի շարունակելու համագործակցությունը արդեն առկա ձևաչափով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։
Գիտաժողովի շրջանակում առցանց ձևաչափով զեկուցումներ ներկայացրին Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Ֆիրուզա Մայիլյանը (զեկուցման թեմա՝ «ԵԱՏՄ անդամ երկրներում նվազագույն աշխատավարձի և աղքատության միջև կապը»), Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Կարինե Ասրյանը (զեկուցման թեմա՝ «Սպառողի վարքագիծը և գնումների որոշումների կայացման մեխանիզմները շուկաներում տեղեկատվության և ապրանքների գերբեռնվածության համատեքստում»): Ֆակուլտետի վերոնշյալ ամբիոնների վարիչները ևս (դոցենտներ Գրիգոր Հայրապետյան և Աննա Հակոբջանյան) ներկա էին գիտաժողովին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա գարնանը Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Նեկիպելովի հրավերով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատվիրակությունը ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Մոսկվայում էր։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն իր հերթին ՀՀ-ում բազմիցս հյուրընկալել է գործընկեր կառույցի ներկայացուցիչներին:

