Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տարբեր կրթական ծրագրերի ուսանողներ մասնակցել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացած միջազգային XXII ուսանողական գիտաժողովին և ներկայացրել գիտական զեկուցումներ։
Գիտաժողովը համախմբել էր ավելի քան 460 մասնակիցների՝ Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից՝ դառնալով գիտական մտքի և փորձի փոխանակման կարևոր հարթակ։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից գիտաժողովին մասնակցել են Զինա Ղազարյանը, Միլենա Խառատյանը, Անի Մխիթարյանը, Անի Ամիրխանյանը (գիտական ղեկավար՝ դոցենտ Ա. Խառատյան), Նուռա Սարգսյանը, Կարեն Թովմասյանը (գիտական ղեկավար՝ դոցենտ Ն. Ջրբաշյան), Գրետա Ղուլյանը և Գայանե Միրզախանյանը (գիտական ղեկավար՝ դոցենտ Գ. Ղուկասյան), Մկրտիչ Ասոյանը (գիտական ղեկավար՝ դոցենտ Գ. Սահակյան) և Գոհար Ունանյանը (գիտական ղեկավար՝ դոցենտ Գ. Հայրապետյան)։
ԵՊՀ ուսանողների ներկայացրած հետազոտական աշխատանքներն աչքի են ընկել բարձր գիտական մակարդակով, արդիականությամբ և մեթոդաբանական խորությամբ։ Տնտեսական բազմաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության ընթացքում կիրառվել են ժամանակակից տնտեսամաթեմատիկական գործիքներ, կատարվել են տնտեսական ցուցանիշների փոխազդեցությունների համակողմանի քանակական գնահատումներ և մշակվել հիմնավորված կանխատեսումներ։
Աշխատանքներն առանձնացել են նաև բովանդակային հագեցվածությամբ։ Հետազոտությունները նվիրված են եղել տնտեսության կարևոր և արդիական թեմաների՝ աշխատանքի շուկայի, կյանքի որակի, ֆինանսական կայունության, պետական պարտքի, հարկային քաղաքականության և արդիական այլ խնդիրների։
Ներկայացված թեմաները արտացոլում են ժամանակակից տնտեսական զարգացումների առանցքային ուղղությունները։ Դրանք վկայում են ոչ միայն ուսանողների մասնագիտական պատրաստվածության, այլև վերլուծական մտածողության և հետազոտական հմտությունների բարձր մակարդակի մասին։ Նման արդյունքները ձևավորվում են մի կրթական միջավայրում, որտեղ տեսական գիտելիքները համադրվում են կիրառական մոտեցումների հետ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ համալսարանը ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ ուսանողների գիտական ներուժի զարգացման և մրցունակ հետազոտություններ կատարելու համար։
Ուսանողների ելույթները արժանացել են գիտաժողովի կազմակերպիչների բարձր գնահատականին։ Կազմակերպիչները իրենց երախտագիտությունն են հայտնել ինչպես ուսանողներին, այնպես էլ նրանց գիտական ղեկավարներին՝ կարևորելով նրանց ներդրումը երիտասարդ գիտնականների պատրաստման և գիտական մտքի զարգացման գործում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսական կազմը բարձր է գնահատում ուսանողների ձեռքբերումները և մաղթում նրանց նոր հաջողություններ գիտական գործունեության և մասնագիտական զարգացման մեջ հայրենի տնտեսության առաջընթացին նպաստելու ճանապարհին։




