ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներսում․ ինչպե՞ս է աշխատում համաշխարհային առևտուրը» թեմայով առցանց դասախոսություն։ Բանախոսը միջազգային առևտրի քաղաքականության մասնագետ Վոնայ Մույամբոն էր։
Դասախոսության մեկնարկին ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և շնորհակալություն հայտնեց բանախոսին պատրաստակամության համար՝ կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերը ուսանողների մասնագիտական զարգացման և միջազգային ակադեմիական միջավայրի հետ հաղորդակցության ընդլայնման գործում։ Նշվեց, որ նման հանդիպումները ուսանողների համար կարևոր հնարավորություն են՝ ծանոթանալու միջազգային փորձին և համաշխարհային արդի զարգացումներին։
Վոնայ Մույամբոն ԱՀԿ վերապատրաստման և տեխնիկական համագործակցության ինստիտուտի (ITTC) տարածաշրջանային առևտրային քաղաքականության դասընթացների բաժնի ղեկավարն է։
Նա ներգրավված է զարգացող երկրների պետական պաշտոնյաների համար վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում՝ նպաստելով ԱՀԿ համաձայնագրերի և առևտրային քաղաքականության շրջանակների առավել արդյունավետ ըմբռնմանն ու կիրառմանը։
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային առևտրի հիմնարար սկզբունքներին, ԱՀԿ-ի դերին և գործառույթներին, ինչպես նաև գլոբալ առևտրային կանոնների կարևորությանը ժամանակակից աշխարհում։ Քննարկվեցին միջազգային տնտեսական համագործակցության առանձնահատկությունները, առևտրային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները և զարգացող երկրների առջև ծառացած հիմնական մարտահրավերները։
Կարևոր բաղադրիչներից էր գործնական հատվածը, որի ընթացքում ուսանողները մասնակցեցին ինտերակտիվ վարժությունների և իրական առևտրային իրավիճակների վերլուծությանը։ Ուսանողները ներկայացրին իրենց առաջարկներն ու մոտեցումները տարբեր առևտրային խնդիրների լուծման վերաբերյալ՝ ցուցաբերելով ակտիվ ներգրավվածություն և վերլուծական մտածողություն։
Առաջադրված խնդիրների համար հետաքրքիր և արդյունավետ լուծումներ առաջարկեցին «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Վիտտորիո Հարությունյանը, Կարինե Թումանյանը, Ռուզաննա Սահակյանը, ինչպես նաև «Կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լիանա Այվազյանը։
Բազմաթիվ հարցերի շարքում առանձնացավ «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Թումանյանի հարցը․ «Ինչպե՞ս կարող է ԱՀԿ-ին անդամակցությունը ազդել Հայաստանի տնտեսության և արտահանման վրա»։
Արձագանքելով հարցին՝ Վոնայ Մույամբոն ընդգծեց, որ նույնիսկ ներկայիս գլոբալ տնտեսական և քաղաքական լարվածությունների պայմաններում Առևտրի համաշխարհային կազմակերպությունը շարունակում է կարևոր դեր ունենալ միջազգային առևտրի կանոնակարգման և երկրների միջև համագործակցության ապահովման գործում։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի արդյունավետությունը մեծապես կախված է անդամ երկրների պատրաստակամությունից՝ պահպանելու կազմակերպության սկզբունքներն ու միջազգային համաձայնությունները։
Խոսելով իր տպավորությունների մասին՝ Կարինե Թումանյանը նշեց. «Որպես առաջին կուրսի ուսանող՝ ինձ համար շատ հետաքրքիր էր մասնակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը նվիրված այս դասախոսությանը։ Քանի որ սա նման ձևաչափով իմ առաջին փորձն էր, այն հատկապես տպավորիչ ու օգտակար էր։ Դասախոսությունը օգնեց ավելի լավ հասկանալու ԱՀԿ-ի դերը համաշխարհային տնտեսության և միջազգային առևտրային հարաբերությունների մեջ։ Կարևորում եմ լսարանային դասերից դուրս նոր գիտելիքներ ձեռք բերելը՝ լսելով նաև արտերկրի փորձառու մասնագետի խոսքը։ Նման դասախոսությունները և քննարկումները խորացնում են հետաքրքրությունը մեր մասնագիտության նկատմամբ»։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում։ Ուսանողները բարձր գնահատեցին դասախոսության դինամիկ ձևաչափը, գործնական ուղղվածությունը և միջազգային փորձագետից համաշխարհային առևտրային համակարգի գործունեության վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ ստանալու հնարավորությունը։ Նրանց խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, այլև միջազգային տնտեսական գործընթացների նկատմամբ ավելի լայն պատկերացման ձևավորմանը։