Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «ՀՀ կենտրոնական բանկի կենսակայունության օրակարգը» թեմայով բանախոսություն ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի զարգացման կենտրոնի (ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտ) նախագծերի կառավարիչ, տնտեսագիտության դոկտոր Գայանե Վարդանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենսակայունության և կայուն զարգացման արդիական հիմնախնդիրները, ինչպես նաև ֆինանսական համակարգում դրանց նշանակությունը։ Ուսանողներին ներկայացվեց կայուն զարգացման տեսլականը, որի հիմքում տնտեսական աճի ապահովումն է՝ շրջակա միջավայրին վնաս չհասցնելու և հասարակության խոցելի խմբերի շահերը չանտեսելու պայմանով։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ԲՍԿ (ESG) սկզբունքներին, որոնք այսօր համարվում են պատասխանատու և երկարաժամկետ կառավարման կարևոր բաղադրիչներ։
Ներկայացվեցին ԲՍԿ-ի երեք հիմնական ուղղությունները՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական բաղադրիչները, ինչպես նաև դրանց կիրառման նշանակությունը ժամանակակից կազմակերպություններում և ֆինանսական համակարգում։
Բնապահպանական (Environmental) բաղադրիչի շրջանակում անդրադարձ կատարվեց շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված քաղաքականություններին, արտադրական գործընթացների էկոլոգիական անվտանգությանը և բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործմանը։ Սոցիալական (Social) բաղադրիչի շրջանակում կարևորվեց աշխատակիցների, հաճախորդների և հասարակության տարբեր խմբերի նկատմամբ պատասխանատու և ներառական վերաբերմունքի ձևավորումը, իսկ կառավարչական (Governance) բաղադրիչի համատեքստում ընդգծվեց արդյունավետ կորպորատիվ կառավարման, թափանցիկության, իրավունքների պաշտպանության և սահմանված նորմերի պահպանման կարևորությունը։
Ներկայացվեցին կենտրոնական բանկի կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված կլիմայական ռիսկերի գնահատման, կառավարման և նվազեցման գործընթացներին։ Ընդգծվեց, որ այդ նախաձեռնությունների հիմնական նպատակը ֆինանսական հատվածում հնարավոր ռիսկերի զսպումն ու համակարգի կայունության ապահովումն է։ Քննարկվեցին նաև կլիմայական ռիսկերի դրսևորումները Հայաստանում, դրանց տնտեսական և սոցիալական հետևանքները, ինչպես նաև պետական և ֆինանսական կառույցների համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցում էին ֆակուլտետի «Ֆինանսներ» կրթական ծրագրի առաջին և «Կառավարում» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողները։ Քննարկումն անցավ անմիջական, ակտիվ և ինտերակտիվ մթնոլորտում՝ ուսանողների մեծ հետաքրքրվածությամբ և մասնակցությամբ։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հասմիկ Դովլաթյանի նախաձեռնությամբ:

