ԵՊՀ 6-րդ մասնաշենքի (Սև շենքի) դահլիճում տեղի ունեցավ առաջինկուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Ներկաներին ողջունեց և շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը:
«Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, շնորհավորում եմ բոլորիդ մեր մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ուսանողը դառնալու կապակցությամբ։ Դուք կրկնակի ավելի հպարտ պետք է լինեք, որ դարձել եք հենց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող։ Ֆակուլտետ, որը մեծ պատմություն ունի, ֆակուլտետ, որը հարուստ ավանդույթներ ունի, ֆակուլտետ, որ իր ուրույն տեղն ունի ՀՀ կրթական համակարգում։
Սկսվում է ձեր կյանքի հետաքրքիր, բազմաթիվ իրադարձություններով և զգացողություններով հագեցած մի նոր շրջափուլ, թերևս՝ կարևորագույններից մեկը։ Հենց այս տարիների ընթացքում են ձևավորվելու ձեր մասնագիտության հիմքերը․ ձեռք եք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու եք անհրաժեշտ հմտություններ, ընդլայնելու եք ձեր սոցիալական և մասնագիտական կապերի շրջանակը։ Այս ամենն անչափ կարևոր է լինելու ձեր հետագա մասնագիտական առաջխաղացման և կյանքում հաջողության հասնելու համար»,- ասաց նա:
Վկայակոչելով Ուորեն Բաֆեթի, Ջեք Մայի և Ուոլթ Դիսնեյի օրինակներն ու մտքերը՝ դեկանն ընդգծեց ինքնակրթության, մասնագիտական գիտելիքի և հմտությունների շարունակական զարգացման, ինչպես նաև անհաջողություններից չվախենալու և փորձերը շարունակելու կարևորությունը։ Արժևորելով ուսանողական տարիների դերը կարիերայի ամուր հիմքեր դնելու գործում՝ դեկանը հորդորեց առաջինկուրսեցիներին հնարավորինս արդյունավետ օգտագործել համալսարանի ընձեռած հնարավորությունները՝ առավելագույնը ստանալով դասախոսներից և համալսարանական միջավայրից։ Նա ընդգծեց, որ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ղեկավարությունն անում են հնարավոր ամեն ինչ՝ ուսանողների համար մրցունակ կրթություն ապահովելու և նրանց մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
«Սիրելի՛ ուսանողներ, այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեղեկությունը հասանելի է մի քանի վայրկյանում։ Արհեստական բանականությունը փոխել է բոլորիս կենցաղն ու առօրյան, փոխվել է նաև կրթության բովանդակությունը։ Եվ գուցե շատերը կարծեն, թե համալսարանական կրթությունը այնքան էլ կարևոր չէ: Սակայն տեղեկատվությունը դեռևս գիտելիք չէ, իսկ գիտելիքը դեռևս իմաստություն չէ։ Համալսարանն այն վայրն է, որտեղ դուք սովորում եք, ստանում եք համակարգային գիտելիք ու հմտություն, ինչն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Վստահ եմ, որ ինչքան էլ գիտությունն ու տեխնոլոգիաները զարգանան, միևնույն է, դասախոսի, ուսուցչի հետ շփումն ու հաղորդակցությունն են շարունակելու մնալ որպես կրթության լավագույն մեթոդը: Ֆակուլտետում դասավանդում են մեր երկրի լավագույն մասնագետները, որոնց մեծ մասը նաև պետական և մասնավոր հատվածում պրակտիկ աշխատանքի մեծ փորձառություն ունի։
Իմացե՛ք, որ ճիշտ ընտրություն եք կատարել և ողջ աշխարհում մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններ եք ընտրել։ Սիրե՛ք ձեր մասնագիտությունը, սիրե՛ք այն աշխատանքը, որ կատարում եք։ Մենք օգնելու ենք ձեզ տեսնելու տնտեսագիտության, կառավարման, ֆինանսների ողջ հմայքն ու գեղեցկությունը։ Մի՛ հանդուրժեք միջակությունը, մի՛ հանդուրժեք սուտն ու կեղծիքը, մի՛ եղեք անտարբեր։ Եղե՛ք պահանջատեր և միաժամանակ պատասխանատու։ Հավատացե՛ք ձեր ուժերին և արե՛ք առավելագույնը՝ լավագույնի կոչմանը արդարացիորեն արժանանալու համար։ Բարի գալուստ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»,- եզրափակեց դեկանը:
Առաջինկուսեցիներին ողջունեցին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մեթոդխորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ ուսանողներին հորդորելով չվախենալ և համարձակորեն ընդառաջ գնալ փոփոխություններին, սովորել սովորել, որպեսզի երբեք, ոչ մի տարիքում գիտելիքը չլինի հնացած:
Ողջույնի խոսքեր ասացին նաև ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, դեկանի տեղակալ, ասիստենտ Անի Խալաթյանը, Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը, Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանը և Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, դոցենտ Ալվարդ Խառատյանը՝ հորդորելով լավ սովորել, դասերին ակտիվ լինել և չվախենալ դժվարություններից:
Ուսանողներին շնորհավորական ջերմ խոսք հղեց նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Զաքարյանը՝ խորհուրդ տալով օգտվել համալսարանի ընձեռած բոլոր հնարավորություններից։
Արդեն 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Զաքարյանը կոչ արեց գալիք տարիներն օգտագործել սեփական ուժեղ կողմերը բացահայտելու, թույլերը հաղթահարելու և ամեն օր ավելի ու ավելի զարգանալու նպատակով: Նա նաև նշեց ֆակուլտետի ուսանողի անունը բարձր պահելու կարևորության մասին, փափուկ հմտությունների բացահայտման և կատարելագործման ճանապարհի և այդ հարցում Ուսանողական խորհրդի աջակցության մասին: Նա խորհուրդ տվեց առաջինկուրսեցիներին ոչ միայն լավ սովորել, այլև վայելել այդ գործընթացը, լինել նախաձեռնող և ակտիվ։
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, բարի գալուստ ԵՊՀ, բարի գալուստ մեր մեծ, համերաշխ ընտանիք: Շնորհավորում ենք բոլորիդ Երևանի պետական համալսարանի առանցքային ֆակուլտետներից մեկի ուսանողը դառնալու կապակցությամբ: Թող համալսարանական այս նոր շրջափուլը դառնա ձեր երազանքների իրականացման, գիտելիքի ու հաջողությունների ճանապարհ։ Մաղթում ենք ձեզ արդյունավետ և հիշարժան ուսանողական տարիներ, մասնագիտական ձեռքբերումներ ու նոր հնարավորություններ։ Բարի երթ և կանաչ ճանապարհ։








