ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետի նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց «AMD Armenia Internship Program 2027» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
Ինչպե՞ս ուսանողական տարիներից ձեռք բերել իրական աշխատանքային փորձ, զարգացնել մասնագիտական հմտություններն ու ավելի վստահ քայլել դեպի տեխնոլոգիական աշխատաշուկա, որո՞նք են տեխնոլոգիական մասնագետների առջև բացվող նոր հնարավորությունները: Այս և այլ հետաքրքիր հարցերի քննարկմանն էր նվիրված օրվա միջոցառումը, որին մասնակցում էին ԻԿՄ ֆակուլտետի և Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողները: Նրանց ներկայացվեց միջազգային տեխնոլոգիական ոլորտում փորձառություն ձեռք բերելու և մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունը։
Միջոցառման բացմանը հանդես եկան ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը և ԻԿՄ ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Սարգսյանը։ Նրանք ընդգծեցին նմանատիպ ծրագրերի կարևորությունը ուսանողների մասնագիտական զարգացման, գործնական փորձառության և աշխատաշուկայում մրցունակության բարձրացման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու «AMD ARMENIA» ընկերության գործունեությանը, վերջինիս հիմնական տեխնոլոգիական ուղղություններին և մասնագիտական միջավայրին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև այն հարցին, թե ինչ հմտություններ են այսօր պահանջված ոլորտում, և ինչպես կարող են ուսանողները դեռ համալսարանական տարիներից պատրաստվել մասնագիտական նոր մարտահրավերներին։
Քննարկման առանցքային թեմաներն էին՝
«AMD ARMENIA» ընկերության գործունեությունն ու հիմնական տեխնոլոգիական ուղղությունները,
ուսանողների մասնագիտական աճի հնարավորությունները,
internship ծրագրի առանձնահատկություններն ու աշխատանքային փորձառության հնարավորությունները,
մասնակիցներից ակնկալվող տեխնիկական հմտությունները,
2027 թվականի փետրվարին մեկնարկող ծրագրի դիմումների ներկայացման և ընտրության գործընթացը։
Նմանօրինակ հանդիպումները, զուտ տեղեկատվական միջոցառումներ լինելուց զատ, ուսանողների համար իրական հնարավորություն են՝ պատկերացնելու, թե ինչպիսի ճանապարհ է անցնում տեսական գիտելիքը մինչև իրական մասնագիտական փորձ, ինչ հմտություններ են պահանջվում արագ փոփոխվող տեխնոլոգիական ոլորտում, և ինչ քայլեր կարելի է կատարել այսօր՝ ապագայում պահանջված մասնագետ դառնալու ճանապարհին։
«AMD Armenia Internship Program 2027»-ի ներկայացումը ուսանողների համար հենց այդ ճանապարհի հնարավոր մեկնարկային քայլերից մեկն էր։


