ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ և «YSU-Krisp AI Lab»-ի աջակցությամբ անցկացվեց «Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով գիտաժողով։
Ընթացիկ տարվա ապրիլի 28-30-ը տեղի ունեցած գիտաժողովի նպատակն էր համախմբել hամակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում աշխատող գիտնականներին, ինչպես նաև տրամադրել հարթակ նոր արդյունքները ներկայացնելու, մտքեր փոխանակելու և գիտական կապեր հաստատելու համար։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են շուրջ 40 գիտական զեկույցներ, իսկ մասնակիցների ընդհանուր թիվը 70-ից ավելի էր։ Հիմնական թեմաները ներառում էին՝ հանրահաշիվ, դիսկրետ մաթեմատիկա, հաշվողական մաթեմատիկա, օպտիմիզացիայի մեթոդներ, մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, գրաֆների տեսություն, կոմբինատոր անալիզ և օպտիմիզացիա, կրիպտոգրաֆիա, պատկերների ճանաչում, արհեստական բանականություն, IT ոլորտի կիրառություններ ուղղությունները:
Գիտաժողովի աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և «YerevaNN» ընկերության ներկայացուցիչները:
Հարկ է նշել, որ ավագ և միջին սերունդի դասախոսների և գիտաշխատողների հետ միասին գիտաժողովին մասնակցում էին մեծ թվով ասպիրանտներ և ուսանողներ։