Կայացավ Հայաստանի ուսանողական ազգային առաջին կիբեռվարժանքը։ ԵՊՀ ուսանողները 15 ուժեղագույն մասնակիցներից ձևավորված կիբեռթիմում են։
Տեղի ունեցավ Հայաստանի առաջին ուսանողական ազգային կիբեռվարժանքի 2-րդ՝ խմբային փուլը:
Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իր բնույթով բացառիկ նախաձեռնություն է՝ ուղղված ուսանողների կիբեռկարողությունների կատարելագործմանն ու երկրի կիբեռդիմակայունության ամրապնդմանը: Նախորդող հինգ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջատար համալսարանների, կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ պայքարում էին Հայաստանի ուսանողական ազգային կիբեռթիմ ձևավորելու համար: Ամիսներ տևած այս մրցակցային և լարված ճանապարհն անցնելով՝ վաթսուն լավագույն ուսանողներ մասնակցեցին կիբեռվարժանքի եզրափակիչ փուլին:
Անհատական և խմբային փուլերով իրականացվող տասը ժամ տևած պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին ուժեղագույն 15 մասնակիցները։ Վերջիններս կձևավորեն Հայաստանի ուսանողական ազգային կիբեռթիմը՝ ներկայացնելու Հայաստանը 2026 թվականին կայանալիք Եվրոպական կիբեռանվտանգության մրցաշարին («European Cybersecurity Challange»):
Գրանցելով մասնագիտական հմտությունների բարձր արդյունքներ՝ ԵՊՀ իֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուսանողներ Ադելինա Զախարյանը և Սանդրո Հակոբյանը զբաղեցրին համապատասխանաբար 1-ին և 2-րդ հորիզոնականները:
Ուսանողական ազգային կիբեռվարժանքը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) երկարաժամկետ ռազմավարության մաս է՝ ուղղված թվային անվտանգ ապագայի կառուցմանը և կիբեռառաջնորդների նոր սերնդի ձևավորմանը։ Այն կանցկացվի ամեն տարի՝ կերտելով եռանդուն և նպատակասլաց կիբեռպաշտպանների համայնք։ Ուսանողական ազգային կիբեռվարժանքն իրականացվում է ՀՏՀԳ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ համալսարանների և կրթական հաստատությունների հետ:
Հավելենք՝ կիբեռվարժանքի անհատական մրցույթում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուսանողուհի Ժենյա Միրզոյանը, իսկ ԻԿՄ ևս 4 ուսանողներ զբաղեցրին մրցանակային այլ հորիզոնականներ:
