- Գլխավոր
- Նորություններ
- Մարդկային կապիտալը՝ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում. նոր հետազոտության արդյունքները
Սեպտեմբեր 08, 2026 | 14:45
Կրթություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մարդկային կապիտալը՝ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում. նոր հետազոտության արդյունքները
Հայաստանի տնտեսական զարգացման առանցքում մարդկային կապիտալն է, իսկ դրա ներուժի արդյունավետ օգտագործման գործում կարևոր դեր ունեն կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու թվային տեխնոլոգիաները։ Հետազոտողներն ուսումնասիրում են մարդկային կապիտալի զարգացման միտումները, հիմնական մարտահրավերներն ու թվայնացման ազդեցությունը՝ ներկայացնելով նաև Հայաստանի երկարաժամկետ մրցունակությանն ուղղված առաջարկներ։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2024» մրցույթի շրջանակում իրականացվող «Մարդկային կապիտալի կառավարման հիմնախնդիրներն ու լուծումները Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի հետազոտական թիմի անդամները հեղինակել են «Մարդկային կապիտալի և թվային տեխնոլոգիաների կայուն զարգացումը Հայաստանում՝ որպես սոցիալ-տնտեսական համախմբման շարժիչ ուժ» հոդվածը։ Այն հրապարակվել է «Scopus»-ում ինդեքսավորվող և Q2 դասակարգում ունեցող «International Journal of Technology» միջազգային գիտական ամսագրում։
«Մշակել ենք մարդկային կապիտալի կայունության համաթիվ («Human Capital Sustainability Index»), որը ներառում է կրթության, առողջապահության, նորարարությունների, թվայնացման, ժողովրդագրության, աշխատաշուկայի և տնտեսական զարգացման ցուցանիշներ։ Սա մեզ հնարավորություն տվեց ոչ միայն գնահատելու Հայաստանի մարդկային կապիտալի զարգացման երկարաժամկետ միտումները 2000-2024 թվականներին, այլև բացահայտելու, թե որ գործոններն են առավելապես նպաստում տնտեսական աճին, և որոնք են շարունակում սահմանափակել զարգացման ներուժը»,- նշում է հոդվածի համահեղինակ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։
- Պարո՛ն Խաչատրյան, հոդվածում ներկայացվում է մարդկային կապիտալի կայունության համակցված համաթիվը (HCSI)։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
- Մարդկային կապիտալի կայունության համաթիվը մեր մշակած համալիր գնահատման գործիքն է, որը հնարավորություն է տալիս մեկ միասնական համակարգում գնահատելու մարդկային կապիտալի զարգացման մակարդակը և դրա կայունությունը ժամանակի ընթացքում։
Համաթիվը կառուցվել է 6 հիմնական բաղադրիչների հիման վրա՝ կրթություն, առողջապահություն, նորարարություն, թվայնացում, ժողովրդագրություն և աշխատաշուկա, ինչպես նաև տնտեսական զարգացում։ Ընդհանուր առմամբ, ներառվել են 20 ցուցանիշներ, որոնք արտացոլում են մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման և տնտեսության մեջ արդյունավետ օգտագործման տարբեր կողմերը։
- Հետազոտության հիմնական արդյունքներից որո՞նք կառանձնացնեք որպես ամենակարևոր բացահայտումներ Հայաստանի համար։
- Հետազոտության ընթացքում ստացված արդյունքներից մի քանիսը հատկապես կարևոր են Հայաստանի զարգացման տեսանկյունից։ Բացահայտվել է ուժեղ կապ մարդկային կապիտալի և տնտեսական զարգացման միջև։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկային կապիտալի բարելավումն ուղղակիորեն նպաստում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճին, իսկ այդ ազդեցությունը սովորաբար դրսևորվում է մոտ երկու տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ կրթության, առողջապահության և հմտությունների զարգացմանն ուղղված ներդրումներն ունեն ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական բարձր հատուցում։
Մյուս կարևոր բացահայտումը վերաբերում է թվայնացման դերին։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հենց թվային տեխնոլոգիաներն են դարձել այն հիմնական կամուրջը, որի միջոցով մարդկային կապիտալը վերածվում է արտադրողականության և տնտեսական աճի։ Վերջին տարիներին համացանցի հասանելիության, ՏՀՏ ծառայությունների արտահանման և թվային ենթակառուցվածքների զարգացման աճը զգալիորեն նպաստել է Հայաստանի տնտեսական առաջընթացին։
- Հոդվածում նշվում է, որ թվայնացումը մարդկային կապիտալի ազդեցությունը տնտեսական արդյունքների վերածող հիմնական մեխանիզմներից է։ Ի՞նչ է ենթադրում այս ձևակերպումը։
- Երբ շեշտում ենք, որ թվայնացումը մարդկային կապիտալի ազդեցությունը տնտեսական արդյունքների վերածող հիմնական մեխանիզմներից է, նկատի ունենք, որ թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկանց գիտելիքն ու հմտությունները վերածելու արտադրողականության, նորարարության և տնտեսական աճի։ Այսինքն՝ կրթությունն ու մասնագիտական կարողությունները միայն բավարար չեն․ անհրաժեշտ է նաև միջավայր, որտեղ դրանք կարող են արդյունավետ կիրառվել։ Այդ միջավայրի ձևավորման կարևոր գործոններից մեկը հենց թվայնացումն է։
Օրինակ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետը կարող է աշխատել միջազգային ընկերությունների հետ, ստեղծել թվային ծառայություններ, կատարել հեռավար աշխատանք միայն այն դեպքում, երբ առկա են համապատասխան թվային ենթակառուցվածքներ և տեխնոլոգիական հնարավորություններ։ Նույնը վերաբերում է բիզնեսներին, որոնք թվային լուծումների միջոցով կարող են բարձրացնել արտադրողականությունը, ընդլայնել շուկաները և ավելի արդյունավետ օգտագործել իրենց աշխատուժի ներուժը։
- Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են այսօր մարդկային կապիտալի զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերները։
- Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ոլորտում շարունակում են պահպանվել մի շարք համակարգային մարտահրավերներ։ Ըստ հետազոտության՝ Հայաստանի համար հիմնական մարտահրավերներն են ժողովրդագրական խնդիրները և բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, գիտության ու նորարարությունների համեմատաբար թույլ զարգացումը, ինչպես նաև կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև անհամապատասխանությունը։ Կարևոր խնդիր է նաև թվային զարգացման անհավասարությունը, հատկապես Երևանի և մարզերի միջև։
- Ի՞նչ դեր կարող են ունենալ բուհերը և հատկապես հետազոտական կենտրոնները մարդկային կապիտալի և թվային տնտեսության զարգացման գործում։
- Ժամանակակից տնտեսություններում բուհերի դերը սահմանափակված չէ միայն կրթություն տրամադրելով։ Համալսարաններն ու հետազոտական կենտրոնները մարդկային կապիտալի ձևավորման, նորարարությունների ստեղծման և թվային տնտեսության զարգացման առանցքային դերակատարներից են։
Թվային տնտեսության պայմաններում այդ դերն ավելի էական է դառնում։ Արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, կիբեռանվտանգությունը, թվային կառավարումը և այլ նոր ուղղություններ պահանջում են նոր հմտություններ ու մշտապես թարմացվող գիտելիք։ Այս գործընթացում բուհերը և հետազոտական կենտրոնները պետք է դառնան կրթությունը, գիտությունն ու բիզնեսը միավորող հարթակներ։ Նման համագործակցությունն օգնում է մարդկային կապիտալը վերածել նորարարության, բարձր արտադրողականության և տնտեսական աճի։
- Հոդվածի արդյունքները որքանո՞վ կարող են օգտակար լինել պետական քաղաքականություն մշակողների համար։
- Մեր հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել պետական քաղաքականություն մշակողների համար, քանի որ հնարավորություն են տալիս ոչ միայն գնահատելու մարդկային կապիտալի ներկա վիճակը, այլև հասկանալու դրա զարգացման հիմնական խոչընդոտներն ու հնարավորությունները։ Մեր մշակած մարդկային կապիտալի կայունության համաթիվը կարող է կիրառվել որպես մշտադիտարկման և պետական ծրագրերի արդյունավետությունը գնահատելու գործիք։
Համաձայն հետազոտության՝ հատկապես կրթության, թվային հմտությունների և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումը կարող է զգալի տնտեսական արդյունք ապահովել։ Միաժամանակ, անհրաժեշտ է հասցեական քաղաքականություն մշակել ժողովրդագրական խնդիրների, երիտասարդների գործազրկության, մասնագիտական հմտությունների և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանության, ինչպես նաև գիտության ու նորարարությունների զարգացման ուղղությամբ։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ մարդկային կապիտալում ներդրումների տնտեսական արդյունքը միանգամից չի դրսևորվում․ հետազոտության համաձայն՝ դրա ազդեցությունը նկատելի է դառնում մոտ երկու տարի անց։ Հետևաբար, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում ներդրումները պետք է դիտարկել ոչ թե որպես ընթացիկ ծախս, այլ որպես երկրի երկարաժամկետ մրցունակության և տնտեսական աճի ռազմավարական ներդրում։
- Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ գործնական առաջարկներ եք ներկայացրել որոշում կայացնողներին՝ հիմնվելով հետազոտության արդյունքների վրա։
- Հետազոտության արդյունքների հիման վրա մենք ներկայացրել ենք մի շարք գործնական առաջարկներ, որոնք ուղղված են Հայաստանի մարդկային կապիտալի զարգացմանն ու դրա տնտեսական ազդեցության ուժեղացմանը։
Առաջին առաջարկը վերաբերում է թվային հմտությունների և թվային ենթակառուցվածքների հետագա զարգացմանը։ Անհրաժեշտ է շարունակել ներդրումները մարզերում թվային հասանելիության ընդլայնման, ինչպես նաև բնակչության թվային գրագիտության և մասնագիտական թվային հմտությունների զարգացման ուղղությամբ։
Երկրորդ ուղղությունը գիտության և նորարարությունների խթանումն է։ Առաջարկվում է ընդլայնել կիրառական հետազոտությունների ֆինանսավորումը, խթանել համալսարան-բիզնես համագործակցությունը, ստեղծել համատեղ հետազոտական ծրագրեր և ներդնել արդյունքահեն ֆինանսավորման կառուցակարգեր։
Երրորդ առաջարկը վերաբերում է կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը։ Անհրաժեշտ է, որ կրթական ծրագրերն առավել արագ արձագանքեն տնտեսության փոփոխվող պահանջներին, զարգանան գործատուների հետ համագործակցային կրթական ծրագրերը, պրակտիկաների և դուալ կրթության համակարգերը։ Սա կնպաստի երիտասարդների զբաղվածության բարձրացմանը և մասնագիտական հմտությունների առավել արդյունավետ օգտագործմանը։
Մեծ կարևորություն ենք տվել նաև ժողովրդագրական և միգրացիոն մարտահրավերներին։ Առաջարկել ենք քաղաքականություններ, որոնք կնպաստեն երիտասարդ մասնագետների զբաղվածությանը, մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ստեղծմանը և բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքի նվազեցմանը։
- Եթե այս հետազոտության գլխավոր ուղերձը ամփոփեք մեկ նախադասությամբ, ի՞նչ կասեք Հայաստանի ապագայի մասին։
- Հայաստանի տնտեսական ապագայի կարևորագույն ռեսուրսը մարդկանց գիտելիքը, հմտություններն ու ստեղծարար ներուժն են, իսկ այդ ներուժի լիարժեք իրացման բանալին կրթության, նորարարությունների և թվային տեխնոլոգիաների համատեղ զարգացումն է։