- Գլխավոր
- Նորություններ
- Գրքի ճանապարհը. կավե տախտակներից մինչև թվային դարաշրջան
Նոյեմբեր 08, 2026 | 12:35
Հասարակություն
Մշակույթ
Գրքի ճանապարհը. կավե տախտակներից մինչև թվային դարաշրջան
Մարդկության գլխավոր ձեռքբերումներից և հպարտություններից է գիրքը՝ գիտելիքի ու մշակույթի խորհրդանիշը: Անցնելով ձևավորման երկարատև ճանապարհ՝ կավե ու մոմապատ տախտակներից, պապիրուսի գալարներից ու մագաղաթից մինչև կոդեքս, տպագիր էջ և, վերջապես, թվային էկրան՝ հազարամյակներ անց էլ այն շարունակում է մնալ մարդու ամենակարևոր ուղեկիցներից մեկը:
Մարդկության պատմության մեջ ամենավաղ գրավոր տեքստերը՝ «գրքերը», գեղարվեստական ստեղծագործություններ չէին, այլ գրառումներ՝ տնտեսական, վարչական հաշվառում կատարելու և տեղեկություն փոխանցելու համար։
Գիրքը անցյալում
Հնում «գրքի» ամենից տարածված տեսակը պապիրուսի գլանաձև փաթեթն էր: Հետայդու ի հայտ է գալիս նաև մագաղաթը, որը ևս, ենթադրաբար, պահվում էր գլանի տեսքով: Ժամանակի ընթացքում վնասված պապիրուսներն ու մագաղաթները այլևս գալարել չկարողանալու պատճառով սկսում են դրանք պարզապես կարել մեկը մյուսին: Ստեղծվում են առաջին կոդեքսները, որոնք աստիճանաբար տարածվում են իրենց հարմարավետության և ապահովության շնորհիվ:
Ժամանակին կոդեքսը «տետր» էր՝ կազմված գրելու համար նախատեսված, հավասարապես ծալակցված ու միմյանց կարված թերթերից՝ փափուկ կամ կոշտ (փայտե) կազմով։ Այն լայն կիրառություն ստացավ հռոմեացի իրավաբանների և առաջին քրիստոնյաների շրջանում, քանի որ հարմար էր թե՛ երկու կողմից գրելու, թե՛ մեծածավալ տեքստերում անհրաժեշտ հատվածը հեշտությամբ գտնելու համար։ Կոդեքսի հենց այս կառուցվածքն ու տեսքն էլ ժառանգել են ժամանակակից գրքերը։
XII դարում Եվրոպայում տարածվում է թղթի օգտագործումը: Դիմացկուն չլինելու պատճառով, սակայն, այս շրջանում թղթի կիրառությունը չի ընդլայնվում. պաշտոնական փաստաթղթաբանության մեջ և իրավական միջավայրերում տևական ժամանակ նախընտրությունը տրվում էր մագաղաթին:
Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ XV դարում թուղթն ավելի բարակ, բայց և ավելի դիմացկուն է դառնում, ինչի շնորհիվ էլ վերջինիս պահանջարկը գնալով մեծանում է: Թղթից պատրաստված գրքերը հետզհետե լայն տարածում են ստանում հատկապես գրատպության գյուտից հետո:
Անտիկ շրջանում ամենօրյա և գործնական գրանցումների նպատակով կիրառվում էին մոմապատ մակերեսներով տախտակներ, որոնք առավել հաճախ պատրաստվում էին փայտից և ունեին ուռուցիկ եզրեր (նկարի շրջանակի պես), որպեսզի միմյանց քսվելու դեպքում գրվածը չջնջվեր։ Դրանց մի ծայրից երկու կամ երեք անցքեր էին բացվում, որոնց միջոցով էլ թելով կամ օղակներով ամրացվում էին մեկը մյուսին։ Այդ օրինակով էլ, ենթադրաբար, կարվել են նաև «գրքերը»՝ կոդեքսները՝ ժամանակակից գրքերի «նախնիները»:
Ժամանակակից գրքեր
Տպագիր գրքերը այսօր էլ մնում են ընթերցասերների ամենից նախընտրելի տարբերակը՝ չնայած նրան, որ զուգահեռ լայն կիրառություն ունեն թվային գրքերը (e-books): Վերջիններս հեղափոխել են ընթերցանության մշակույթը՝ ապահովելով աննախադեպ հարմարավետություն և հասանելիություն։
1971 թվականի հուլիսի 4-ին Իլինոյսի համալսարանի ուսանող Մայքլ Հարթը համակարգչով մուտքագրում է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը («Project Gutenberg»-ի առաջին էլեկտրոնային տեքստ)՝ վերջինս հասանելի դարձնելով ցանցի մյուս օգտատերերին. սովորաբար սա էլ համարվում է առաջին թվային գիրք:
Սովորական գրքերը ընթերցասերներին շարունակում են հրապուրել իրենց զգայական կապով՝ թղթի բույրով, էջերը շոշափելու հնարավորությամբ ու թերթելուց առաջացող ձայնով: Թղթից կարդալիս մարդը առավելագույնս արդյունավետ կենտրոնանալու հնարավորություն է ունենում, քանի որ էկրանի, դրա չափսերի, լույսի և սարքի այլ առանձնահատկությունների հետ կապված խոչընդոտների չի բախվում, հետևաբար՝ առավել լավանում են ընկալումն ու մտապահումը, իսկ աչքերն էլ հնարավորինս քիչ են հոգնում:
Թվային գրքերը մրցում են իրենց ակնթարթային հասանելիությամբ, տարողունակությամբ (փոքր սարքի (e-reader, պլանշետ, հեռախոս) մեջ կարելի է տեղավորել ամբողջական գրադարան), հարմարավետությամբ (տառաչափ փոխել, լուսավորությունը կարգավորել, նշումներ անել, արագ գտնել անհրաժեշտ բառը կամ հատվածը)։
Ի վերջո, այս «մրցավազքում» թվային և տպագիր գրքերը ընթերցողին տալիս են ընտրության հնարավորություն և ազատություն՝ չբացառելով և փոխլրացնելով միմյանց:
Ի դեպ, արժանահիշատակ է
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանն իր շուրջ 1,5 միլիոն միավոր ֆոնդով ՀՀ-ում երրորդն է: Հավաքածուն պարունակում է արվեստին, իրավագիտական, պատմական, բժշկական, գյուղատնտեսական, բանասիրական գիտություններին վերաբերող հազվագյուտ գրականություն, ինչպես նաև բազմալեզու բառարաններ, հանրագիտարաններ և այլ տեղեկատուներ։
Գրիգոր Տաթևացու 14-րդ դարի «Քարոզագիրք Գրիգորի եռամեծ և Քաջ հռետորի» ձեռագիր մատյանն իր եզակիությամբ ու գեղարվեստական ձևավորմամբ գրադարանի հնագույն արժեքներից է:
ԵՊՀ գրադարանի հնատիպ և հազվագյուտ գրականության ֆոնդում (2427 միավոր հայերեն և 8576 միավոր այլալեզու ենթահավաքածուներով) պահվում են ուշագրավ այնպիսի նմուշներ, ինչպիսիք են՝
Բառագիրք հայոց (Ֆրանչիսկոս Ռիվոլա, 1633 թ., Փարիզ). ԵՊՀ-ում պահվող ամենահին տպագիր հայերեն գրքերից մեկն է:
«Հարանց վարք» (Նոր Ջուղա 1641)
«Յիսուս որդի» (Ամստերդամ, 1660-1661)
«Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեամբ, որ է Աղուեսագիրք» (Ամստերդամ, 1668)
«Գիրք պատմութեանց» (Առաքել Դավրիժեցի, Ամստերդամ, 1669)
«Զտութիւն հայկաբանութեան կամ քերականութիւն հայկական» (Հովհաննես Կոստանդնուպոլսեցի, Հռոմ, 1674)
«Բառգիրք հայոց» (Երեմիա Մեղրեցուն վերագրվող, Կ.Պոլիս, 1698)
Կամ օտարալեզուները՝
«The Genealogies recorded in the Sacred» (1613)
«Darinnen gelehret werden» (1616)
«Voyage au Caucase chez les Tcherkesses et les Abkhases en Colchide, en Georgie, en Armenie et en Crimee» (1840-1843)
«Исповедание хрис. Веры Армянской Церкви» (Санкт-Петербург, 1799)
«История Российской церкви» (Санкт-Петербург, 1840)
Կարևոր է
ԵՊՀ գրադարանը շարունակաբար համալրվում է գիտության ամենատարբեր բնագավառներին վերաբերող արդիական գրականությամբ և հավաքածուներով: Առանձնացված հավաքածուներում իրենց ուրույն տեղն ունեն Գալուստ Գյուլբենկյանի և Հելեն Թաքեսյանի նվիրատվությունները:
Այսօր էլ քայլ առ քայլ իրականանում է համալսարանականների երազանքը. այն է՝ ունենալ հարմարավետ գրադարան՝ տարողունակ գրապահոցներով, ընդարձակ, լուսավոր ընթերցասրահներով և աշխատասենյակներով՝ տեխնիկապես վերազինված և հարմարեցված: Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ գրադարանի ֆոնդերը համալրվում են հնարավոր բոլոր միջոցներով՝ պետական հատկացումներ, գրքափոխանակություն, դրամաշնորհներ, նվիրատվություններ: