- Գլխավոր
- Նորություններ
- Կրթություն և կարիերա. ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի թիմը հանդես է եկել ուսանողական նախաձեռնությամբ
Հոկտեմբեր 29, 2025 | 12:52
Կարիերա
Կրթություն
Մրցույթներ
Կրթություն և կարիերա. ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի թիմը հանդես է եկել ուսանողական նախաձեռնությամբ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի «Կրթություն և կարիերա» ուսանողական նախաձեռնությունների մրցույթի շրջանակում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի թիմն արժանացել է ֆինանսավորման: Մրցույթը նպատակ ունի մշակելու և զարգացնելու մասնագիտական նորարարական գաղափարներ: Ըստ այդմ՝ ֆիզիկայի ինստիտուտի թիմը ստեղծել է ֆիզիկայի փորձարարական սարքերի հավաքածու՝ նախատեսված դպրոցականների համար:
«Կրթություն և կարիերա» ուսանողական նախաձեռնությունների մրցույթի, ծրագրի նպատակների և իրագործման ընթացքի մասին զրուցել ենք թիմի անդամներից Էդվարդ Գրիգորյանի հետ:
- Հարգելի՛ Էդվարդ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Կրթություն և կարիերա» ուսանողական նախաձեռնությունների մրցույթին։ Հե՞շտ էր արդյոք թիմ ձևավորելն ու թիմային նախաձեռնությամբ հանդես գալը:
- Մեր թիմը, որը ձևավորվել է Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («OPTICA»)՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին առընթեր ուսանողական մասնաճյուղի՝ «YSO Student Chapter»-ի հիմքի վրա, նպատակ ունի ֆիզիկան ավելի հասանելի դարձնելու դպրոցականների համար։ Մրցույթին մասնակցությունը դիտարկեցինք որպես հնարավորություն՝ մեր գաղափարը վերածելու կիրառական նախագծի։ Թիմ ձևավորելը դժվար չէր, քանի որ անդամները՝ Տաթևիկ Բրսոյանը, Մարի Հայրապետյանը, Էդուարդ Կարապետյանը և Լևոն Դավթյանը, ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք գիտական ցուցադրությունների և ունեն փորձեր կազմակերպելու համապատասխան հմտություններ: Թիմում անդամներից յուրաքանչյուրն իր դերն ունի: Ոմանք զբաղվում են սարքերի նախագծմամբ, մյուսները՝ փորձերի ուսուցողական մեթոդաբանությամբ և ձեռնարկի՝ իբրև մեր գործունեության վերջնարդյունքի պատրաստմամբ։ Ընթացքում ուսանողական կազմակերպությունից մեր թիմին միացել են այլ անդամներ ևս:
- Ներկայացրե՛ք, խնդրում եմ, թե ի՞նչ խնդիրներ է լուծում «Ֆիզիկայի փորձարարական սարքերի հավաքածու դպրոցականների համար» ծրագիրը։
- Մեր նպատակն է հարստացնել գործող կրթական ծրագիրը՝ ստեղծելով ավելի հետաքրքիր, գործնական և մոտիվացնող ուսումնական միջավայր։ Կարծում եմ՝ ֆիզիկայի հանդեպ հետաքրքրության նվազման պատճառներից մեկը դպրոցներում գործնական փորձերի պակասն է։ Մեր նախաձեռնությունը կոչված է լրացնելու այդ բացը՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին իրենց ձեռքերով ֆիզիկայի փորձեր կատարելու և տեսական գիտելիքները գործնականի վերածելու։
Եթե այս հավաքածուն հաջողությամբ կիրառվի դպրոցներում, և մեր սպասելիքներն արդարանան, նախատեսում ենք հաջորդ փուլերում ստեղծել ԵՊՀ կրթական ծրագրերի թեմատիկ առաջնահերթություններից բխող այլ հավաքածուներ ևս՝ մեխանիկայի, ջերմադինամիկայի և մոլեկուլային ֆիզիկայի ուղղություններով։ Այս կերպ ծրագիրը կդառնա շարունակական նախաձեռնություն, որը կխթանի աշակերտների հետաքրքրությունը դեպի գիտություն և ֆիզիկա՝ առանց դասագրքային սահմանափակումների։
- Անհրաժեշտ ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել առաջ քաշված խնդիրների լուծման համար։
- Ծրագրի նախնական հետազոտությունների և փորձնական աշխատանքների արդյունքում ընտրել ենք Մայքելսոնի ինտերֆերոմետրը՝ որպես մեր նախաձեռնության հիմք։ Այս համակարգը ոչ միայն հնարավորություն է տալիս կատարելու ֆիզիկական տարբեր փորձեր՝ կապված լույսի ալիքային հատկությունների հետ, այլև ունի կիրառական նշանակություն. այն հնարավորություն է տալիս արձանագրելու միջավայրի փոփոխություններն ու մեխանիկական տատանումները։
Ծրագրի ընթացքում նախատեսում ենք այցելել տարբեր դպրոցներ՝ հավաքածուն ներկայացնելու և գործնականում ցուցադրելու համար։ Այցելությունների ընթացքում մենք կկատարենք դիտարկումներ՝ հավաքագրելով վիճակագրական տվյալներ՝ փորձերի արդյունավետության, աշակերտների ներգրավվածության և ուսուցիչների արձագանքի վերաբերյալ։ Ստացված արդյունքներն ու արձագանքները կօգնեն կատարելու անհրաժեշտ բարելավումներ՝ լավարկելով մեր հավաքածուն:
- Ծրագրի թեմատիկ առաջնահերթություններով պայմանավորված՝ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ստանալ ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին։
- Ծրագիրն իրագործման փուլում է: Փորձարարական հավաքածուն կառուցվել և հաջողությամբ փորձարկվել է «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարի ընթացքում (օգոստոսի 5–9)՝ ավելի քան 40 անձանց մասնակցությամբ։ Ճամբարի ընթացքում աշակերտներն ու ուսանողները հնարավորություն են ունեցել սեփական ձեռքերով կառուցելու ինտերֆերոմետրի համակարգը և կատարելու փորձեր՝ լույսի ինտերֆերենցիայի և միջավայրի տատանումների ուսումնասիրության ուղղությամբ։ Սևանի №5 և №6 դպրոցներ այցելության ժամանակ փորձերը ցուցադրվել են շուրջ 50 աշակերտների։ Հավաքածուն ցուցադրվել է նաև «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ի, «Գիտության շաբաթ»-ի ընթացքում։
Ծրագրի վերջնարդյունքներից է նաև ուսումնական համապատասխան ձեռնարկը, որի կազմման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
Մեր նախագծին արդեն ծանոթացել է ավելի քան 300 մարդ, որոնցից շուրջ 100-ը գիտափորձերի անմիջական մասնակիցներ են։ Աշակերտներն ու ուսուցիչները դրական են արձագանքել՝ նշելով, որ նման գործնական փորձերը մեծ հետաքրքրություն են առաջացնում և օգնում են աշակերտներին՝ ավելի լավ հասկանալու դասագրքային նյութը։
Արձագանքները վկայում են, որ ծրագիրը հաջողությամբ իրագործում է իր առջև դրված հիմնական նպատակը՝ խթանելով ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը և դարձնելով ուսուցումը փորձարարական ու կենդանի գործընթաց։
- Նկարագրե՛ք, խնդրում եմ, սահմանված ժամանակահատվածում և տրված չափանիշներին համապատասխան ծրագիր մշակելու դժվարությունները։ Ինչպիսի՞ աջակցություն եք ստացել և ո՞ւմ կողմից։
- Կազմակերպական աշխատանքների և ծրագրի իրագործման ընթացքում բախվել ենք մի քանի հիմնական դժվարությունների՝ աշխատանքային տարածքի պակաս, ժամանակային սահմանափակումներ և տեխնիկական նյութերի ապահովման հարցեր։ Դրանք լուծվել են ԵՊՀ միջոցների հաշվին և մենթորների աջակցությամբ։ Օրինակ՝ ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան տրամադրել է անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները հավաքածուի նախնական պատրաստման համար, իսկ Ֆիզիկայի ինստիտուտը՝ աշխատանքային տարածք՝ նախագծի իրագործման նպատակով։ Մեր մենթորներ Աստղիկ և Տաթևիկ Չալյաններն ուղեկցել են մեզ ծրագրի բոլոր փուլերում՝ օգնելով թե՛ գիտական, թե՛ կազմակերպական հատվածներում։
Հավելենք, որ ըստ Է. Գրիգորյանի՝ ծրագրի շրջանակում հաջորդիվ նախատեսվում է Ֆիզիկայի ինստիտուտի թիմի այցը ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց, հետայդու՝ Արարատի մարզի երկու ավագ դպրոցներ՝ շարունակելով փորձերի ցուցադրությունը։


