- Գլխավոր
- Նորություններ
- Բիբլոս բանկ Արմենիայի ամենամյա կրթաթոշակային ծրագրի ամփոփումը ԵՊՀ-ում
Նոյեմբեր 12, 2025 | 15:59
Գիտություն
Կրթություն
Ուսանողական
Բիբլոս բանկ Արմենիայի ամենամյա կրթաթոշակային ծրագրի ամփոփումը ԵՊՀ-ում
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն այսօր հանդիպեցին կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուստարվա հաղթող ուսանողների հետ: ԵՊՀ-ի և բանկի շարունակական համագործակցությունը միտված է խթանելու կրթության զարգացումը, աջակցելու ուսանողներին և նպաստելու նրանց մասնագիտական աճին։
Հանդիպումը նվիրված էր Երևանի պետական համալսարանի և Բիբլոս բանկ Արմենիայի համագործակցությամբ կազմակերպվող կրթաթոշակային ամենամյա ծրագրի մրցութային փուլի ամփոփմանը: Կրթաթոշակառուների հետ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես նաև շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը:
2025-2026 ուստարում անվանական կրթաթոշակի են արժանացել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի հինգ ուսանողներ: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 1.000.000 ՀՀ դրամ կրթաթոշակ: Հաղթող ուսանողներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն ըստ ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության, հասարակական և ներբուհական ակտիվության, կամավորական աշխատանքների մասնակցության, ինչպես նաև գիտական միջոցառումներում և գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվածության:
ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ կրթաթոշակը սոսկ ֆինանսական աջակցություն չէ, այլ նպատակային լավագույն ներդրում պետության ապագայի կառուցման գործում: Այն մեծապես կնպաստի ուսանողների առջև ծառացած խնդիրների, առկա խոչընդոտների հաղթահարմանը:
«Նմանօրինակ կրթաթոշակներն ուսանողների համար ոչ միայն խրախուսանք են, այլև պատասխանատվություն՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները հետագայում ներդնելու թե՛ հարազատ բուհի, թե՛ հայրենիքի զարգացման գործում։ Բուհ-բիզնես համագործակցության այս ձևաչափը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է համատեղ նպաստել երիտասարդների, կրթության կայացմանը»,- փաստեց Հ. Հովհաննիսյանը:
ԵՊՀ ռեկտորը մատնանշեց կարևոր այն հանգամանքը, որ ԵՊՀ ուժն իր ուսանողներն ու շրջանավարտներն են: Ահավասիկ Հայկ Ստեփանյանն ինքը ԵՊՀ լավագույն շրջանավարտի վառ օրինակ է:
Հանդիպման ընթացքում Բիբլոս բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, անդրադառնալով ծրագրի նպատակներին, ասաց․ «Ծրագրի հիմնական գաղափարն է ոգեշնչել ուսանողներին և օժանդակել նրանց մասնագիտական հաջողությունների հասնելու ճանապարհին: Քրտնաջան աշխատելով և լրջորեն վերաբերվելով կրթությանը՝ երիտասարդներն արդեն իսկ իրենց ներդրումն են կատարում և՛ համայնքներում, և՛ մասնագիտական ոլորտում»:
Հանդիպման ընթացքում ուսանողների հետ ծավալվեց արդյունավետ քննարկում կրթության, գիտության և աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ: Հ. Ստեփանյանը պատրաստակամություն հայտնեց հաղթող ուսանողներին ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալելու բանկում:
Հավելենք՝ երրորդ տարին անընդմեջ «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ն կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ուսանողներին։ Կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին բուհի և բանկի միջև կնքված համագործակցության հուշագրով։
Ծրագրի մեկնարկից ի վեր՝ անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։





