- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում քննարկվեցին համաշխարհային փիլիսոփայական օրակարգի առաջնահերթությունները
Հունիս 25, 2026 | 16:01
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում քննարկվեցին համաշխարհային փիլիսոփայական օրակարգի առաջնահերթությունները
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Փիլիսոփայական ասոցիացիաների համաշխարհային համադաշնության նախագահության նիստը, որի ընթացքում քննարկվեցին համաշխարհային փիլիսոփայական համայնքի զարգացման, միջազգային համագործակցության ամրապնդման և առաջիկայում կայանալիք համաշխարհային կոնգրեսի կազմակերպմանն առնչվող առանցքային հարցեր։
Երևանի պետական համալսարանի, Փիլիսոփայական ասոցիացիաների համաշխարհային համադաշնության («FISP») և Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային գործերի էթիկայի կենտրոնի («ETICA») նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառումը կարևոր նշանակություն ուներ ոչ միայն միջազգային փիլիսոփայական հանրության, այլև Հայաստանի ակադեմիական կյանքի համար։ «FISP»-ի ղեկավար մարմինների նիստն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում՝ ընդգծելով երկրի աճող դերակատարությունը համաշխարհային գիտակրթական և մտավոր համագործակցության հարթակներում։
«FISP»-ը միջազգային հեղինակավոր կառույց է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների փիլիսոփայական ընկերությունները, ակադեմիական կազմակերպությունները և հետազոտական կենտրոնները։ Դեռևս 1930-ական թվականներին հիմնադրված համադաշնությունը կազմակերպում է Փիլիսոփայության համաշխարհային կոնգրեսը՝ աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր փիլիսոփայական հավաքը, որն անցկացվում է յուրաքանչյուր չորս-հինգ տարին մեկ։
ՀԱՀ հանրային գործերի էթիկայի կենտրոնի տնօրեն, Դուբլինի համալսարանական քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր և Օսլոյի համալսարանի հետազոտող, պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը նշեց, որ Հայաստանի անդամակցությունը «FISP»-ին վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումներից է։ Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ համատեղ ջանքերի շնորհիվ հայկական փիլիսոփայական համայնքը դարձավ համադաշնության լիիրավ անդամ, ինչի արդյունքում Հայաստանը միջազգային հարթակում ստացավ ինստիտուցիոնալ ներկայացվածություն և մասնակցության նոր հնարավորություններ։
Նիստի օրակարգում էին միջազգային գիտական համագործակցության ընդլայնումը, երիտասարդ գիտնականների ներգրավման մեխանիզմները, կրթական մարտահրավերները և մշակութային երկխոսության խթանման հարցերը։
Քննարկումների կարևոր թեմաներից մեկը 2028 թվականին Տոկիոյում նախատեսվող Փիլիսոփայության համաշխարհային կոնգրեսն էր։ Նիստի շրջանակում մեկնարկեցին դրա բովանդակային նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ թեմատիկ ուղղությունների և գիտական առաջնահերթությունների քննարկումները։
Մարիա Բաղրամյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն համաշխարհային կոնգրեսին մասնակցությունը, այլև այն հանգամանքը, որ երկիրը ներգրավված է միջազգային փիլիսոփայական օրակարգի ձևավորման գործընթացներում։
«Այսօր Հայաստանը միջազգային փիլիսոփայական համայնքում ներկայանում է որպես անկախ և լիիրավ գործընկեր։ Սա կարևոր քայլ է հայկական գիտական մտքի տեսանելիության բարձրացման և միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- ընդգծեց նա։
Նիստին մասնակցում էր նաև իտալացի անվանի փիլիսոփա, «FISP»-ի նախկին նախագահ և գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Լուկա Մարիա Սկարանտինոն։ Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը համադաշնությանը կարևոր է թե՛ երկրի, թե՛ միջազգային փիլիսոփայական հանրության համար։
Պրոֆեսոր Սկարանտինոն ընդգծեց, որ ժամանակակից փիլիսոփայությունը վաղուց դուրս է եկել առանձին անհատների գործունեության շրջանակներից և այսօր զարգանում է միջազգային գիտական համագործակցության, փորձի փոխանակման և ակադեմիական երկխոսության միջոցով։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի «ներկայությունը» համաշխարհային փիլիսոփայական ցանցում նոր հեռանկարներ է ստեղծում ինչպես հայ գիտնականների, այնպես էլ օտարերկրյա գործընկերների համար։
«Ամեն անգամ, երբ նոր երկիր կամ գիտական համայնք միանում է համադաշնությանը, բոլորս «հարստանում ենք»։ Մենք ճանաչում ենք նոր պատմություններ, մտավոր նոր ավանդույթներ և նոր մոտեցումներ»,- նշեց նա։
Սկարանտինոն նաև կարևորեց հայկական փիլիսոփայական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացումը՝ նշելով, որ այն կարող է հետազոտական նոր ուղղություններ բացել համաշխարհային ակադեմիական հանրության համար։
«FISP»-ի նախագահության նիստի անցկացումը Հայաստանում ևս մեկ անգամ ընդգծեց հայկական ակադեմիական համայնքի աճող ներգրավվածությունը միջազգային գիտական և մտավոր համագործակցության գործընթացներում։




