- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների և լեզվամշակույթի լաբորատորիա
Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների և լեզվամշակույթի լաբորատորիա
«Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» բազային ծրագիրը (գիտական ղեկավար՝ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ս. Ք. Գասպարյան) սկզբնավորվել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի հիմքի վրա ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: 2021 թվականից այն տեղափոխվել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ էլ շարունակում է իր գործունեությունը:
Ծրագրի արդիականությունը պայմանավորված է կարևոր հարցադրումներով, որոնց պարզաբանումը, հատկապես ժամանակակից լեզվաբանական, իրավական և պատմամշակութային մտքի զարգացման միտումների և աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից խիստ արդիական է: Այն նպատակ ունի լեզվի կիրառության յուրահատկությունների համակողմանի ուսումնասիրության ճանապարհով քննության առնելու ակտիվ շրջանառության մեջ դրված, հակահայկական քարոզչական առաքելություն իրականացնող օտարալեզու նյութերը (մասնավորապես անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն՝ տպագիր և համացանցային), վերհանելու դրանցում պարբերաբար օգտագործվող լեզվական այն կաղապարները, որոնց օգնությամբ հեղինակներին «հաջողվում է» աղավաղել փաստերն ու իրողությունները, ձևավորել հակահայկական տրամադրություններ ու գնահատականներ, որոնց նկատմամբ լոյալ դիրքորոշումը կարող է լուրջ մարտահրավերներ ու վտանգներ ստեղծել Հայոց պետության ու պետականության համար, խաթարել հայ ժողովրդի կերպարի միջազգային ընկալումն ու արժևորումը: Լեզվաբանական, հանրալեզվաբանական ու լեզվամշակութաբանական տարաբնույթ մոտեցումների ու մեթոդաբանության կիրառմամբ՝ այս ծրագրի շրջանակում քննության են առնվում հակահայկական քարոզչական դիսկուրսի համատեքստն ու հարատեքստը, հաշվի են առնվում թե՛ լեզվական և թե՛ արտալեզվական գործոնները, որոնք նպաստում են տեքստ ներմուծելու այս կամ այն ներակա արժևորումը և իրագործելու հակահայկական հաղորդակցական նպատակներ: Բազային այս ծրագրի շրջանակում ուսումնասիրությունը բացահայտել է լեզվի անփոխարինելի և արդյունավետ դերը հակահայկականություն քարոզող հեղինակների միտումների վերհանման և Հայաստանի ու հայ ժողովրդի կերպարի ճշմարիտ ու անկողմնակալ ընկալում ապահովելու հարցում:
Բազային այս լաբորատորիայի կողմից հրատարակվել են մենագրություններ ու գիտական բազմաթիվ հոդվածներ, և ուսումնասիրվող խնդիրներն ու ձեռք բերված արդյունքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում, գիտական սեմինար-քննարկումների հեղինակավոր հարթակներում:
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր Սեդա Գասպարյան
Հեռ.՝ (+374 60) 710 092
Էլհասցե՝ sedagasparyan@ysu.am