- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների բաժին
ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների բաժին
ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների բաժինն ունի մի շարք գործառույթներ՝ կապված երկրի անվտանգային իրավիճակի վերլուծության և կանխատեսման հետ, որոնք մասնավորապես ներառում են.
Տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն։ Բաժինը հավաքագրում և վերլուծում է տեղեկություններ ՀՀ անվտանգային միջավայրի վրա ազդեցություն ունեցող սպառնալիքների մասին, որը կարող է ներառել տեղեկությունների հավաքագրում տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են՝ միջազգային զեկույցները, վերլուծական հաշվետվությունները, բաց աղբյուրները, սոցիալական լրատվամիջոցները և այլն: ՀՀ առջև ծառացած հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերներն են՝ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, հարևան երկրներից բխող անվտանգային ռիսկերը, հասարակության կողմից ապատեղեկատվության ընկալումն ու մեդիագրագիտությունը, միջազգային ասպարեզում ՀՀ իմիջի խաթարման ուղղությամբ իրականացվող արշավը, ահաբեկչական հարձակումների վտանգը, կիբեռհարձակումները, տնտեսական անվտանգությունը, դեմոգրաֆիական մարտահրավերները, էներգետիկ, ջրային անվտանգությունը, սահմանների անխոցելիությունը, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը և այլն։
Սպառնալիքների և ռիսկերի վերլուծություն։ Բաժինը կատարում է ստացված տեղեկությունների վերլուծություն՝ որոշելու Հայաստանի ազգային անվտանգության համար ամենակարևոր սպառնալիքներն ու ռիսկերը։ Վերլուծությունը կարող է օգտակար լինել առաջանալիք ռիսկերն ու սպառնալիքները մեղմացնելու տեսանկյունից։
Առկա սպառնալիքների գնահատում։ Բաժինն իրականացնում է ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների գնահատում՝ կրիտիկական խոցելիությունները բացահայտելու նպատակով, որը կարող է ներառել այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ահաբեկչական խմբավորումների և այլ դերակատարների սպառնալիքների վերլուծություն։
Կանխատեսումներ։ Բաժինը զբաղվում է տարբեր իրադարձությունների և միտումների կանխատեսմամբ, որոնք կարող են ազդել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա, և դրանց հիման վրա մշակում ռազմավարությունների և գործողությունների ծրագրեր, որոնք միտված են հնարավոր սպառնալիքների կանխարգելմանը:
Իրադարձությունների մշտադիտարկում։ Բաժինն իրականացնելու է տարբեր իրադարձությունների և դեպքերի մշտադիտարկում, որոնք կարող են ազդել երկրի անվտանգային միջավայրի վրա, այդ թվում՝ ներքին իրադարձություններ, այլ պետություններում քաղաքական փոփոխություններ, տնտեսական վայրիվերումներ և այլն։
Հավանական սցենարների ձևավորում և վաղ նախազգուշացման համակարգի մշակում։ Բաժինը կարող է մշակել տարբեր սցենարներ ապագայում առաջանալիք հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները որոշելու նպատակով և դրանց մասին նախապես տեղեկացնել իրավասու մարմիններին։
Ռազմական սպառնալիքների վերլուծություն։ Բաժինը կարող է վերլուծել Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ռազմական ռիսկերը։ Վերլուծությունը կարող է ներառել նաև հարևան պետությունների ռազմական հզորության, միջազգային հակամարտությունների և այլ պետությունների կողմից ռազմական ագրեսիայի հավանականության գնահատումը:
Առաջարկների ներկայացում։ Բաժինը պետական իրավասու մարմիններին ներկայացնելու է առաջարկներ, ինչը կնպաստի ՀՀ ներքին և արտաքին անվտանգային իրավիճակի բարելավմանը և երկարաժամկետ կտրվածքով կանխատեսելիության ապահովմանը։
Համագործակցություն և համակարգում։ Բաժինը համագործակցություն է հաստատելու պետական այլ մարմինների և գերատեսչությունների հետ՝ ապահովելու ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ տեղեկատվության համակարգումը և փոխանակումը: Նախատեսվում է նաև համագործակցել այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով:
Զեկույցների և աշխատանքային տետրերի պատրաստում։ Բաժինը պատրաստելու է տարբեր զեկույցներ, ծառայողական նշանակության աշխատանքային տետրեր, որոնք պարունակելու են Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող վերլուծություններ և կանխատեսումներ: Այս զեկույցները կարող են օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից՝ երկրի անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:
Կիրառական նշանակության վերոհիշյալ աշխատանքները կատարվում են գիտահետազոտական հիմնարար աշխատանքների հետ համատեղ: Հիշյալ համատեքստում հրատարակվում են գիտահետազոտական աշխատանքներ (մենագրություններ, գիտական հոդվածներ):
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյան
Հեռ.՝ (+374 60) 710 092 (ներքին՝ 10-95)
Էլհասցե՝ narek.grigoryan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ