
Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակը
«Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի նպատակն է քվանտային տեխնոլոգիաների և քվանտային գիտության ոլորտների համար պատրաստել մասնագետներ՝ օժտված գիտական աշխատանք կատարելու և քվանտային ճարտարագիտության ոլորտի կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև ֆիզիկոս-ճարտարագետներ, որոնք կարող են նախագծել և շահագործել քվանտային սարքեր, վերլուծել քվանտային տեխնոլոգիաների շուկան և հիմնել ստարտափներ:
Առավելությունները
Ծրագիրն իր բնույթով յուրօրինակ է և չունի նմանը Հայաստանում: Հատկանշական է, որ սույն ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն ոչ միայն բակալավրի որակավորմամբ ֆիզիկոսներ, այլև մաթեմատիկոսներ, քիմիկոսներ, ծրագրավորողներ և էլեկտրոնիկայի մասնագետներ: Ծրագրի ուսումնական պլանում դասընթացների հաջորդականությունն այնպես է ընտրված, որ մագիստրոս ուսանողները քայլ առ քայլ մուտք գործեն քվանտային տեխնոլոգիաների և գիտության ոլորտ:
Ներկայում Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերից միայն Հայ-ռուսական համալսարանում է դասավանդվում քվանտային ինֆորմատիկա, իսկ 2023 թվականից այնտեղ գործում է նաև «Քվանտային ինֆորմատիկա» բակալավրի կրթական ծրագիրը: Հստակ է, որ առաջիկա տարիներին նման մասնագիտությամբ շրջանավարտների պահանջարկը միայն աճելու է, և այդ առումով ԵՊՀ-ն պետք է դառնա քվանտային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ուսուցման առաջատար բուհը:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել էլեկտրոնիկայի հենքով տեխնոլոգիաների և համակարգչային ծրագրավորման կազմակերպություններում ու ձեռնարկություններում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում՝
գլխավոր ինժեներ,
ինժեներ-կոնստրուկտոր,
միկրոսխեմաների նախագծող,
միկրո և նանոէլեկտրոնիկայի ինժեներ,
ծրագրավորող-նախագծող։
Խորհրդատվական համակարգում՝
էլեկտրոնիկայի և նանոէլեկտրոնիկայի հենքով տեխնոլոգիաների խորհրդատու։
Էլեկտրոնիկայի և ֆիզիկայի ստորաբաժանումներում և ամբիոններում՝
կրտսեր գիտաշխատող,
ծրագրավորող,
լաբորանտ, ավագ լաբորանտ,
ինժեներ,
ուսումնական լաբորատորիայի վարիչ։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել ուսումը ԵՊՀ և այլ բուհերի, ինչպես նաև ԳԱԱ ակադեմիական ինստիտուտների ֆիզիկա, էլեկտրոնիկա և հարակից մասնագիտությունների ասպիրանտուրայում:
Մասնագիտական գործունեության բնագավառներ կարող են լինել ուսումնական հաստատությունները (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ–ռուսական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան), գիտական ինստիտուտները (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Ա․ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ), դպրոցները, ՏՏ ոլորտի ընկերությունները, ուժային կառույցները, բանկային համակարգը և այլն: