ԵՊՀ պատմության ֆակուլտետում ընթացիկ ուստարվա մարտի 26-ին կայացավ Վրացագիտության կենտրոնի բացման երկամյակին նվիրված միջոցառում, որի նպատակն էր ամփոփել կենտրոնի գործունեության արդյունքները, ներկայացնել «Վրացագիտություն» կրթական ծրագրի ձեռքբերումներն ու սահմանել կենտրոնի հետագա զարգացման ուղղությունները։
Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Էդուարդ Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ կենտրոնի գործունեությունը դարձել է առավել առարկայական և նպատակաուղղված։ Նրա խոսքով՝ կատարվող աշխատանքները համակարգվում են Հայաստանում Վրաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ՝ հատուկ շեշտադրելով վրացերենի ուսուցումն ու Վրաստանի պատմության խորքային ուսումնասիրությունը:
Է․ Զոհրաբյանը նշեց, որ կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնարար ուղղություններով։ Առաջին ուղղությունը վերաբերում է դասական վրացագիտության զարգացմանը՝ հայ-վրացական բազմադարյա առնչությունների, ինչպես նաև պատմամշակութային կապերի համակարգված ուսումնասիրմանը։ Երկրորդ ուղղությունը նպատակ ունի վրացագիտության միջոցով ապահովելու ինտեգրում միջազգային գիտակրթական միջավայրում։ Երրորդ ուղղությունը միտված է հայ և վրաց ժողովուրդների փոխադարձ ճանաչման և արժևորման խորացմանը որպես տարածաշրջանային համագործակցության օրինակ։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր «Վրացագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողների մասնակցությունը: Վերջիններս ներկայացրին իրենց ուսումնառության ընթացքը, գիտական հետաքրքրությունների շրջանակը և արդեն արձանագրված արդյունքները։ Հատկանշական է, որ ընթացիկ տարում ծրագիրը կունենա իր առաջին շրջանավարտները, ինչը վկայում է ծրագրի կայացման և արդյունավետության մասին։ Ներկայացվեցին հայ-վրացական փոխառնչություններին վերաբերող և կարևոր կիրառական նշանակություն ունեցող մի շարք թեմաներ:
Միջոցառման շրջանակում մագիստրոսական ծրագրի ուսանողները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, որոնց թեմատիկան վկայում է ծրագրի միջգիտակարգային և արդիական ուղղվածության մասին՝ ընդգրկելով պատմագիտական, ազգագրական և տարածաշրջանային ուսումնասիրությունների լայն շրջանակ։ Ծրագրի երկրորդ հատվածը նվիրված էր «Միմինո» հաղորդաշարին, որը ներկայացվեց որպես մշակութային հարթակ՝ միավորելով վրացական մշակույթի, լեզվի և հասարակական կյանքի տարբեր շերտերը։ Այն հնարավորություն ընձեռեց մասնակիցներին դիտարկելու վրացական ինքնության արտահայտման ձևերը՝ հանրամատչելի և միաժամանակ գիտակրթական դիտանկյունից։
Միջոցառման ավարտին մագիստրոսական ծրագրի դասախոսները ներկայացրին իրենց մասնագիտական փորձն ու դիտարկումները՝ անդրադառնալով ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի։
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Վրացագիտության կենտրոնի գործունեությունը և «Վրացագիտություն» կրթական ծրագրում կատարվող հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն ինչպես հայ-վրացական պատմամշակութային կապերի ուսումնասիրության, այնպես էլ երիտասարդ հետազոտողների գիտական ներուժի զարգացման տեսանկյունից։ Կենտրոնի ձևավորած կրթական միջավայրը նպաստում է ինչպես մասնագիտական հմտությունների խորացմանը, այնպես էլ գիտակրթական համագործակցության ամրապնդմանը։