ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում ս.թ. մարտի 27-ին Պատմության ֆակուլտետում կայացավ «Գաղութայնացումները համաշխարհային պատմության մեջ» թեմայով սեմինար։ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024»-ի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։
Զեկուցման ընթացքում ներկայացվեցին գաղութայնացման ձևավորման և զարգացման հիմնական փուլերը՝ ընդգծելով դրա դերը համաշխարհային պատմական գործընթացներում։
Պրոֆեսոր Հ․ Հարությունյանն անդրադարձավ գաղութայնացման՝ որպես համաշխարհային պատմության կարևոր շարժիչ ուժի ձևավորմանն ու զարգացման փուլերին։ Բանախոսը նշեց, որ գաղութայնացման սկզբնավորումը պայմանականորեն կարելի է կապել վաղ շրջանի գետային գաղութացման ձևերի հետ, իսկ հետագայում ձևավորվեցին դրա ծովային և օվկիանոսային տարատեսակները։ Վերջիններիս ձևավորման մեջ առանձնահատուկ դեր են ունեցել փյունիկացիներն ու հին հույները, իսկ օվկիանոսային գաղութայնացման մեկնակետ համարվում է 1492 թվականը, որը նշանավորվեց Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործություններով։
ԵՊՀ պրոֆեսորը հատուկ ուշադրություն հրավիրեց գաղութայնացման երկակի բնույթին՝ ընդգծելով, որ այն ունեցել է ինչպես բացասական, այնպես էլ դրական հետևանքներ։ Մի կողմից՝ գաղութացված երկրներն ու ժողովուրդները ենթարկվել են տնտեսական շահագործման և կողոպուտի, մյուս կողմից՝ գաղութարար պետությունները նպաստել են գիտության, կրթության և կառավարման որոշ մոդելների տարածմանը։
Բանախոսն անդրադարձավ Նոր և Նորագույն ժամանակաշրջանների գաղութային քաղաքականություններին՝ ներկայացնելով իսպանա-պորտուգալական և անգլո-ֆրանսիական տերությունների գործունեությունը, ինչպես նաև ավելի ուշ շրջանի գերմանական և իտալական հավակնությունները, որոնք հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը և, ի վերջո, համաշխարհային պատերազմներին։ Հ. Հարությունյանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց 1960 թվականին, որը պատմության մեջ հայտնի է որպես «Աֆրիկայի տարի», երբ մայրցամաքի շուրջ 20 պետություններ ազատագրվեցին գաղութային կախվածությունից՝ ազդարարելով ապագաղութացման գործընթացների նոր փուլը։
Բանախոսը ներկայացրեց նաև Հին Հայաստանի օրինակը՝ անդրադառնալով Արտաշեսյան դինաստիայի թագավորներ Արտաշես Ա Բարեպաշտի և Տիգրան Բ Մեծի ժամանակաշրջանում իրականացված վերաբնակեցման քաղաքականությանը։ Այս համատեքստում առանձնացվեց Հայաստանում ձևավորված հրեական գաղթօջախի դերը, որը կարևոր նշանակություն է ունեցել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Սեմինարը նպաստեց ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ձևավորելով գաղութայնացման գործընթացների համակողմանի վերլուծության հմտություններ և պատմական երևույթների քննադատական ընկալման կարողություն։ Միաժամանակ այն կարևոր էր նաև հետազոտության արդյունքները կրթական գործընթացներում ներգրավելու տեսանկյունից՝ ապահովելով գիտության և ուսուցման փոխկապակցված զարգացումը։