«Արվեստաբանություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սարգսյանը Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակառու է։ Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց իր հետազոտական հետաքրքրությունները՝ անդրադառնալով նաև մասնագիտական զարգացման գործում ֆակուլտետային միջավայրի դերին։
- Ի՞նչ նշանակություն ունի անվանական կրթաթոշակը Ձեր մասնագիտական ճանապարհի և մոտիվացիայի տեսանկյունից։
- Անվանական կրթաթոշակն առաջին հերթին այն զգացողությունն է, որ քո կատարած աշխատանքը տեսանելի է և արժևորված։ Երբ տևական ժամանակ ջանքեր ես ներդնում սովորելու և հետազոտելու համար, նման գնահատականը դառնում է այն կարևոր խթանը, որով հասկանում ես՝ ընտրածդ ուղին ճիշտ է։ Սա ոչ միայն նյութական աջակցություն է, այլև մասնագիտական վստահություն, որը թույլ է տալիս ավելի համարձակ լինել հետագա ծրագրերում և պատրաստակամությամբ հաղթահարել մասնագիտական ցանկացած մարտահրավեր։
- Մասնագիտական ո՞ր ուղղություններն են առանցքային Ձեր գիտական հետազոտությունների համար։
- Մասնագիտական հետաքրքրություններիս առանցքը հայկական արծաթագործության ու ոսկերչության պատմագեղարվեստական քննությունն է։ Հետազոտություններումս կարևորում եմ նաև գորգարվեստի ուսումնասիրությունը և վիմագրությունը՝ որպես արվեստի նմուշների թվագրման ու մեկնաբանման հավաստի աղբյուր։ Դասախոսների մասնագիտական խորհրդատվությունը և արխիվային ու գիտական բացառիկ նյութերից օգտվելու հնարավորությունները թույլ են տալիս ինձ առավել հիմնավոր կառուցել հետազոտություններս և զարգացնել արվեստաբանական վերլուծության իմ հմտությունները։
- Մասնագիտական ինչպիսի՞ նպատակներ ունեք առաջիկայում. Պատմության ֆակուլտետում ստացած փորձը ինչպե՞ս է նպաստում դրանց իրականացմանը։
- Իմ նպատակն է հետազոտական ուղիս շարունակել ասպիրանտուրայում, քանի որ ձգտում եմ ավելի խորությամբ զբաղվելու գիտական աշխատանքով և իմ նպաստը բերելու ոլորտի զարգացմանը։ Ֆակուլտետում անցկացրած տարիները ձևավորել են այն ամուր գիտական հիմքն ու վերլուծական հմտությունները, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կայացման և հետագա աստիճանաշնորհման համար։ Ստացած փորձն ինձ համար ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար է, այլև յուրօրինակ ուղեցույց, որով հստակ պատկերացնում եմ իմ հետագա գործունեությունը գիտական աշխարհում։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, որոնք նույնպես ձգտում են արժանանալ անվանական կրթաթոշակի։
Իմ խորհուրդն է՝ լինել պահանջկոտ սեփական անձի նկատմամբ և երբեք չսահմանափակվել միայն լսարանային գիտելիքով։ Այցելե՛ք թանգարաններ ու ցուցասրահներ, ուսումնասիրե՛ք արվեստի յուրաքանչյուր շերտ սեփական աչքերով, եղե՛ք հետաքրքրասեր և համարձակ վերլուծություններում։
Հիշե՛ք, որ անվանական կրթաթոշակ ստանալը ոչ թե նպատակ է, այլ նոր հնարավորությունների սկիզբ։ Սիրե՛ք Ձեր ընտրած մասնագիտությունը, և այդ նվիրումը բնականորեն կբերի սպասված հաջողություն։
Սուսաննա Սարգսյանի փորձն ընդգծում է անվանական կրթաթոշակի դերը մասնագիտական վստահության և հետազոտական մոտիվացիայի բարձրացման գործում։ Ֆակուլտետի աջակցությունն ու բացառիկ գիտական ռեսուրսները թույլ են տալիս ուսանողին զարգացնել վերլուծական հմտություններ և հիմնավորել հետազոտական գործունեությունը, ինչը ծառայում է հետագա մասնագիտական և գիտական առաջընթացին։