ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Հայոց պատմության ամբիոնի հայցորդ Լիաննա Ավետիսյանը ներկայացրեց «Կիլիկիան՝ ըստ Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ի» թեմայով զեկուցում, որի շրջանակում քննարկվեցին 13-րդ դարում Կիլիկիայի հայկական միջնադարյան պետության պատմաաշխարհագրական նկարագիրը, ինչպես նաև վարչական ու քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այդ շրջանում։
13-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորությունը ռազմաքաղաքական, տնտեսական ու դիվանագիտական ասպարեզներում իր ներքին կյանքը և արտաքին հարաբերությունները կառուցելիս շարունակում էր հայոց քաղաքակրթական արժեհամակարգը համալրել հիմնարար արժեքներով՝ պետական շինարարության, մշակութային և միջազգային հարաբերությունների ոլորտներում:
Ըստ Լիաննա Ավետիսյանի՝ հայկական պետության արտաքին քաղաքականությունը աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակներում հաճախ ընթանում էր արևմտյան և արևելյան ուժերի ծավալապաշտական քաղաքականության և հակամարտության պայմաններում: Այդ պայմաններն անմիջական ազդեցություն ունեցան Կիլիկյան Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագրի վրա: Այս համատեքստում կարևոր է ուսումնասիրել Կիլիկյան Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը: Հետազոտության համար արժեքավոր սկզբնաղբյուր է Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու այն վարչական և քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Կիլիկիայում 13-րդ դարի 70-ական թթ. և դրանից առաջ ընկած ժամանակահատվածում»,- ընդգծում է ԵՊՀ հայցորդը:
«Աշխարհացոյց»-ը կարևոր է նաև նրանով, որ եթե մինչ այդ հայ պատմագրության մեջ Կիլիկյան Հայաստանը հետազոտողները հիմնականում ուսումնասիրել են քաղաքական տեսանկյունից (անդրադառնալով թագավորական դինաստիաներին, մշակույթին և այլն), ապա այս դեպքում դիտարկվում է որպես աշխարհագրական միավոր:
Լ․ Ավետիսյանը նշում է, որ Կիլիկիան, գտնվելով Միջերկրական ծովի ափին և լինելով տարանցիկ առևտրային գոտի, գտնվել է Արևելք-Արևմուտք հակամարտության գոտում, որն իր անմիջական ազդեցությունն է ունեցել Կիլիկիայի պատմաաշխարհագրական նկարագրի վրա՝ որոշ դեպքերում փոխելով նաև նրա վարչատարածքային պատկերը:
Ամփոփելով՝ շեշտադրվեց, որ Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ն առանցքային նշանակություն ունեցող սկզբնաղբյուր է, որը հետազոտողներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու Կիլիկիայի վարչատարածքային բոլոր էական փոփոխությունները պատմական այդ բարդ ժամանակաշրջանում, Կիլիկյան Հայաստանը դիտարկելու բազմաշերտ տեսանկյունից՝ ներկայացնելով այն ինչպես որպես դինամիկ զարգացող քաղաքական սուբյեկտ, այնպես էլ ինքնատիպ ու ամբողջական աշխարհագրական միավոր:
Միջոցառման մասնակիցների համար զեկուցումն արժեքավոր էր թե՛ տեղեկատվական, թե՛ մեթոդաբանական տեսանկյունից։ Այն ուսանողներին հնարավորություն է տալիս սկզբնաղբյուրը դիտարկելու նոր՝ պատմաաշխարհագրական պրիզմայով և հասկանալու միջնադարյան տեքստերի հետ աշխատանքի նրբությունները։