ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում ս.թ. ապրիլի 7-ին Պատմության ֆակուլտետում կայացավ «Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության մարդաբանական տիպը, հնաժողովրդագրությունը և սննդանին» թեմայով սեմինար։ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ռուզան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024»-ի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։
Հետազոտության շրջանակում կատարվել է Լճաշենի և Ներքին Գետաշենի դամբարանադաշտերից ստացված մարդաբանական նյութի համալիր վերլուծություն, որի նպատակն էր բնութագրել բնակչության մարդաբանական տիպը, բացահայտել ներպոպուլյացիոն տարբերակվածության աստիճանը, ինչպես նաև գնահատել ինտեգրացիոն գործընթացները։
Ուսումնասիրության արդյունքում վերակազմվել է Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության հնաժողովրդագրական պատկերը, ինչպես նաև ներկայացվել են նրանց կենսակերպն ու սննդային առանձնահատկությունները՝ ատամնաախտաբանական տվյալների հիման վրա։
Ըստ ԵՊՀ դոցենտի՝ միջին բրոնզեդարյան բնակչությունը բնութագրվում էր միջինից բարձր հասակով, դոլիխոկեֆալ գանգաձևով և գանգասկավառակի մեծ ծավալով, ինչպես նաև դեմքի երկարադիմությամբ և քթի ընդգծված պրոֆիլավորվածությամբ։ Նա ընդգծեց, որ ուշ բրոնզի դարում հասակը էական փոփոխության չի ենթարկվել, սակայն նկատվում է գլխի չափերի նվազում։ Անդրադառնալով հնաժողովրդագրական տվյալներին՝ Ռ. Մկրտչյանը նշեց, որ տղամարդիկ առանձնացել են բարձր երկարակեցությամբ, մինչդեռ կանանց կյանքի տևողությունը զգալիորեն ավելի կարճ է եղել հատկապես սերնդագործության տարիքում։
Ատամնաախտաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչությունը տառապել է տարբեր ատամնային խնդիրներից՝ մաշվածությունից, կարիեսից, ատամնաքարից և ատամնաթափությունից։ Ըստ բանախոսի՝ դրանց առաջացման հիմնական պատճառը եղել է ինչպես կոշտ, այնպես էլ ածխաջրերով հարուստ հացահատիկային սննդակարգը։ Էմալային հիպոպլազիայի ցածր ցուցանիշները վկայում են սովի բացակայության մասին, ինչը պայմանավորված էր տնտեսության համալիր կառուցվածքով։ Երկրագործությունը ապահովել է ածխաջրատային, անասնապահությունը՝ պրոտեինային և ճարպային, իսկ ձկնորսությունը՝ միներալներով հարուստ սննդակարգ։
Ամփոփելով՝ Ռ. Մկրտչյանը նշեց, որ Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան հանրությունները էկզոգամ կապեր են հաստատել կանանց ընտրելիս, իսկ վերջիններիս ներհոսքը տարբեր խմբերից նպաստել է գենոֆոնդի ձևավորմանն ու կենսաբանական բազմազանությանը։
Ֆակուլտետում հետազոտական արդյունքների ներկայացումը կարևոր նշանակություն ունի ուսանողների համար, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց ծանոթանալու արդի գիտական հետազոտություններին, զարգացնելու վերլուծական մտածողությունը և խորացնելու մասնագիտական գիտելիքները։ Միաժամանակ այն նպաստում է կրթական գործընթացի և գիտության սերտ կապի ամրապնդմանը՝ ուսանողներին ներգրավելով նաև հետազոտական միջավայրում։