Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հրավերով ս․թ. մայիսի 14-27-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցեց Պեկինի Ջիաոտոնգ համալսարանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում կազմակերպած սեմինարների շարքին:
Գործուղման շրջանակում համալսարանականները մասնակցել են չինացի առաջատար մասնագետների, պետական կառույցների ներկայացուցիչների վարած սեմինարներին: Դասախոսություններն ուղեկցվում էին բաց քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում էին իրենց երկրների փորձն ու մարտահրավերները՝ խթանելով բազմակողմանի փոխըմբռնումը: Միջոցառման հանդիսավոր փակման արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը: Իր խոսքում դեկանը կարևորեց կրթական համագործակցության դերը ժամանակակից աշխարհակարգում՝ ընդգծելով Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությանը նվիրված զեկույցով հանդես եկավ պատվիրակության ներկայացուցիչ, պ.գ.թ., դոցենտ Ռոման Կարապետյանը:
Բացի սեմինարներից՝ պատվիրակները գործուղման շրջանակում այցելել են նաև մի շարք առաջատար կազմակերպություններ, արդյունաբերական, տեխնոլոգիական, գիտակրթական կենտրոններ, հետազոտական ինստիտուտներ, փորձարարական կենտրոններ։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչներն իրենց ակտիվ ներգրավվածությամբ մեծ տպավորություն թողեցին թե՛ կազմակերպիչների, թե՛ սեմինարների մասնակիցների վրա՝ արժանանալով առանձնահատուկ ուշադրության և հավանության։
ԵՊՀ պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն վկայում է Հայաստանի և Չինաստանի միջև զարգացող կրթական և գիտական կապերի մասին։ Նմանատիպ միջոցառումները նպաստում են համագործակցության հետագա խորացմանը, ակադեմիական երկխոսության ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների մշակմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես համալսարանական կրթության զարգացման, այնպես էլ միջազգային փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայական:
Այցի ընթացքում ուրվագծվեցին չինացի գործընկերների հետ գիտակրթական համագործակցության հեռանկարներ ևս: