ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցեցին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախաձեռնած «Պատմամշակութային այց» ծրագրին` աշխատանքային առօրյան համատեղելով պատմամշակութային նոր բացահայտումներով։
Այցին մասնակցում էին ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ռուբեն Սերոբյանը և փոխնախագահ Էդգար Չախոյանը։
Մեկօրյա այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու Վայոց ձորի պատմամշակութային և բնական ժառանգությունը։ Նրանք այցելեցին Պարույր Սևակի տուն-թանգարան (գ. Զանգակատուն), Արենի 1 քարանձավ (Թռչունների քարանձավ, որտեղից գտնվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը՝ 5500 տարեկան) և Նորավանք (Ամաղու Նորավանք):
Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին նաև «Մաթևոսյան» գինու գործարան (գ. Աղավնաձոր), որտեղ ծանոթացան հայկական գինեգործության ավանդույթներին և մասնակցեցին գինու համտեսի։ Այցը հնարավորություն ընձեռեց ոչ միայն ծանոթանալու Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությանը, այլև միասին անցկացնելու հաճելի և հագեցած օր՝ նոր տպավորություններով, հետաքրքիր շփումներով ու հրաշալի հիշողություններով։



