ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) համագործակցության շրջանակում ս.թ. սեպտեմբերի 28-ին ֆակուլտետի ղեկավար կազմի ուղեկցությամբ տարբեր կրթական ծրագրերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ այցելել են ՀՀ կենտրոնական բանկ և հանդիպել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ:
Ուսանողների տեսական գիտելիքները գործնական փորձով լրացնելու, մասնագիտական կարողությունների զարգացումը խթանելու և կրթության ու աշխատաշուկայի պահանջների միջև կապի ամրապնդմանը նպաստելու նպատակով կազմակերպված այցին մասնակցել են ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը և Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Գնել Սահակյանը։
Հանդիպման շրջանակում ուսանողներին ներկայացվել են Կենտրոնական բանկի հիմնական գործառույթների առանձնահատկությունները, ֆինանսական կայունությանը և ընթացիկ տնտեսական զարգացումներին վերաբերող տեղեկություններ։ Հարցուպատասխանի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԿԲ նախագահին՝ անդրադառնալով արդի տնտեսական զարգացումներին, ֆինանսական կայունությանը, արհեստական բանականության հնարավոր ազդեցություններին, կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը և մակրոպրուդենցիալ քաղաքականությանը։
Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական զարգացմանը, շարունակական կրթության կարևորությանը և աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին։ Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ է: Նրա հետ անմիջական շփումը ուսանողներին հնարավորություն է ընձեռել ոլորտի փորձառու ներկայացուցչից լսելու մասնագիտական խորհուրդներ և է՛լ ավելի լավ պատկերացնելու իրենց ապագա մասնագիտական գործունեության հնարավորություններն ու պահանջները։
Ֆակուլտետը պարբերաբար նախաձեռնում է նմանօրինակ այցեր և հանդիպումներ:





