ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ ոլորտային կարևոր քննարկում, որը նվիրված էր Հայաստանում շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդրման հնարավորություններին։

Ս.թ. հունիսի 10-ի հանդիպումը նախաձեռնել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ գործընկերությամբ: Այն հաջողությամբ միավորել էր ոլորտը կարգավորող պետական մարմինների, գործարար համայնքի, Հայաստանում շրջանաձև տնտեսության կոալիցիայի ներկայացուցիչների և հետազոտողների։ Քննարկման հիմնական նպատակը բիզնեսի ու ոլորտային քաղաքականության պատասխանատուների մտահոգությունների վերհանումն ու դրանց շուրջ լուծումների ձևակերպումն էր՝ փորձագիտական և գործարար փորձի համադրմամբ։
Բանախոսներն անդրադարձան շրջանաձև տնտեսության ներդրման տնտեսական, սոցիալական և բնապահպանական առավելություններին, ֆինանսական, տեխնոլոգիական և կրթական ռեսուրսների հասանելիության խնդիրներին, հանրային իրազեկման կարևորությանը՝ սպառողական վարքագծի փոփոխման համատեքստում, ինչպես նաև Հայաստանում արդեն կիրառվող շրջանաձև մոտեցումների քարտեզագրմանը և ընդլայնման ներուժին:
Բանախոսների շարքում էին՝ շրջանաձև տնտեսության կոալիցիայի, «Ամերիա» ընկերության, «Impact Hub Yerevan»-ի և «CirculUp!» ծրագրի ներկայացուցիչները, վերամշակման և վերօգտագործման մոդելներով աշխատող գործարարները («ՀԱՅԲԵԴ» և «ՍՈԼԵՐ» ընկերություններից), ոլորտի փորձագետներ, հետազոտողներ և քաղաքականություն մշակողներ:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, հանդես գալով որպես գործընկեր, վերահաստատեց իր կարևոր առաքելությունը՝ արդիական տնտեսական խնդիրների շուրջ բազմակողմ, մասնագիտական ու փաստարկված դիսկուրսներ հյուրընկալելու և դրանց զարգացումը խթանելու ուղղությամբ։
Միջոցառումը տեղի ունեցավ ԵՄ կողմից աջակցվող «CirculUp!» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Impact Hub» ցանցը, «Impact Hub Yerevan»-ը և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն։
«ABNews» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ քննարկումը հասանելի էր նաև լայն հանրությանը, իսկ քննարկման տեսագրությունը հասանելի է «Armenian Business News»-ի յութուբյան էջում: