ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գրասենյակի ղեկավար, դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը և Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Սահակյանը միջազգային հարաբերությունների ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով «Էրազմուս+» շարժունակության ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 9–13-ը գործուղվել են Պորտուգալիայի Պորտո քաղաք՝ մասնակցելու Եվրոպական բիզնես դպրոցի (ISAG-European Business School) կազմակերպած միջազգային ծրագրին:

Միջոցառումը համախմբել էր ավելի քան 25 երկրներից ժամանած մասնակիցների՝ ստեղծելով արդյունավետ հարթակ մասնագիտական կապերի ձևավորման և համագործակցության խորացման համար։
ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են արդի թեմաներով մի շարք դասախոսությունների, սեմինարների և ինտերակտիվ քննարկումների՝ արհեստական բանականության կիրառությունից մինչև կորպորատիվ կառավարման և ռազմավարական առաջնորդության մոդելներ։
Գործուղման ընթացքում գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և հուշագրերի ստորագրման հնարավորությունները։ Վ. Ալեքսանյանը և Գ. Սահակյանը ներկայացրել են ֆակուլտետի գիտակրթական ներուժը, միջազգային ծրագրերն ու նախաձեռնությունները։
Այցը բացառիկ հնարավորություն էր օտարերկրյա գործընկերներին հրավիրելու 2025 թվականի հոկտեմբերի 8–10-ը Երևանում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից կազմակերպվող «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային գիտաժողովին, որն արդեն զգալի հետաքրքրություն է առաջացրել մի շարք գործընկեր համալսարանների շրջանում։

Գործուղումն ամփոփվել է մասնագիտական ձեռքբերումներով և համագործակցության նոր հեռանկարներով։ Հարկ է նշել, որ Բուլղարիայի և Իսպանիայի գործընկեր բուհերից արդեն ստացվել են համագործակցության առաջարկներ, և ներկայումս իրականացվում են ԵՊՀ-ի հետ փոխգործակցության հուշագիր/համաձայնագրերի ստորագրման կազմակերպման աշխատանքները:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդլայնել միջազգային գործակցության շրջանակը՝ ակտիվացնելով գիտակրթական կապերը միջազգային հեղինակավոր համալսարանների և կազմակերպությունների հետ: