Միջբուհական համագործակցության զարգացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը հյուրընկալեց Հունգարիայի ամենահեղինակավոր և ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Սեգեդի համալսարանի (University of Szeged) տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ֆակուլտետի պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն, դոկտոր Իլդիկո Պուշտայ-Վարգան, դեկան, դոկտոր Բենեդեկ Նագին, Զբոսաշրջության և սննդի մատակարարման բակալավրիատի ծրագրի առաջատար պրոֆեսոր, դոկտոր Բերտալան Պուշտայը, ինչպես նաև համալսարանի ուսանողուհի Լաուրա Մկրտչյանը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված միջազգային գործընկերության ընդլայնման և ֆակուլտետում նմանօրինակ հանդիպումների կազմակերպման կարևորությունը։ Դեկանը ներկայացրեց ֆակուլտետի ձեռքբերումները, գործընկերային հարաբերությունների զարգացման առաջնահերթությունները և համագործակցության նոր հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ ուսանողական և դասախոսական փոխանակման, համատեղ հետազոտությունների, ինչպես նաև կրթական ու գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու փոխշահավետ և կայուն գործընկերություն՝ ուղղված գիտակրթական միջավայրի և միջազգային համագործակցության զարգացմանը։
Դեկան Կ. Խաչատրյանը օտարերկրյա գործընկերներին հրավիրեց մասնակցելու հաջորդ աշնանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից կազմակերպվող միջազգային 3-րդ գիտաժողովին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը։
 
 
          