ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նարինե Միրզոյանը մասնակցել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում (ՄՊՀ) կայացած «Գրությունը և ինքնությունը Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ պլենար նիստին հանդես գալով ելույթով։
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացվել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ողջույնի խոսքը, որտեղ ընդգծվում էր Կովկասի ժողովուրդների մշակութային ժառանգության ուսումնասիրության և ինքնության պահպանման հարցերի շուրջ գիտական երկխոսության կարևորությունը։ Ռեկտորը նաև վստահություն է հայտնել, որ գիտաժողովի արդյունքները կնպաստեն ԵՊՀ-ի և ՄՊՀ-ի միջև առկա գիտական համագործակցության ամրապնդմանը։
Մասնակիցներին հեռավար ձևաչափով ողջունել է նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը՝ բարձր գնահատելով գիտաժողովի կազմակերպման նախաձեռնությունը:
Նարինե Միրզոյանը գիտաժողովի շրջանակում մասնակցել է ՄՊՀ կազմակերպած մի շարք կլոր սեղան-քննարկումների, ինչպես նաև ունեցել է երկկողմ հանդիպումներ ՄՊՀ միջազգային գործունեության գծով պրոռեկտոր, ՌԳԱ թղթակից անդամ Յու. Ա. Մազեյի, Մոսկվայի տնտեսագիտության դպրոցի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Ա. Դ. Նեկիպելովի և նույն դպրոցի փոխտնօրեն Ա. Ա. Յակովլևի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են այս տարվա ապրիլին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պատվիրակության ՄՊՀ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մեկնարկած համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության հնարավոր նոր ուղիները։
Կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և խորացման իրենց պատրաստակամությունը։


