ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվեց արդեն ավանդական դարձած «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագրի աշնանային շրջափուլը։ Այս տարի ծրագիրն անցկացվեց հինգերորդ անգամ՝ միավորելով շուրջ 200 աշակերտների Երևանի և ՀՀ տարբեր մարզերի 60 դպրոցներից։
Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական կողմնորոշումը և հնարավորություն ընձեռել ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին՝ բացահայտելու տնտեսագիտության, կառավարման և ֆինանսների ոլորտի բազմազան ուղղությունները։
Մասնակիցները ծանոթացան ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրերին, ուսանողների համար նախատեսված միջազգային շարժունության հնարավորություններին, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի հարուստ պատմությանը, արժեքներին ու ակադեմիական մշակույթին։
Երկօրյա հագեցած ծրագրի շրջանակում անցկացվեցին թեմատիկ քննարկումներ, բիզնես խաղեր, թիմային առաջադրանքներ և գործնական վարժություններ, որոնց ընթացքում աշակերտները փորձեցին գեներացնել սեփական բիզնես գաղափարները, քննարկել դրանց ֆինանսավորման աղբյուները և իրագործման հնարավորությունները՝ ներկայացնելով ստեղծագործ մոտեցումներ։
Մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ասպիրանտների, մագիստրանտների և ուսանողական խորհրդի անդամների հետ՝ ավելի լավ պատկերացում կազմելով ԵՊՀ-ում ուսանելու միջավայրի և հնարավորությունների մասին։
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր, խաղարկվեց նաև «Ակտիվ մասնակից» մրցանակը։ Երկօրյա հագեցած և բովանդակային ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ապագա դիմորդները՝ դպրոցականները, խանդավառ, ստեղծագործ և մեծ ներուժ ունեցող երիտասարդներ են:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մեծ կարևորություն է տալիս դպրոցականների մասնագիտական կողմնորոշման գործընթացին՝ շարունակելով իր պատասխանատու առաքելությունը՝ պատրաստելու նոր սերնդի որակյալ տնտեսագետներ, կառավարման և ֆինանսների ոլորտի մասնագետներ։ «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» ծրագիրը ոչ միայն գիտելիք է տալիս, այլև ոգեշնչում նոր սերնդին՝ վստահորեն ընտրելու իրենց ապագա մասնագիտական ուղին։






