Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լյուբով Խոմյակովան (Хомякова Любовь)՝ քննարկելու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և համատեղ գիտական աշխատանքներ տպագրելու հնարավորությունները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի հետ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, ֆակուլտետի միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ՝ կապված գիտահետազոտական համագործակցության, համատեղ նախագծերի և գիտական հրապարակումների հնարավորությունների հետ։ Լ․ Խոմյակովան ներկայացրեց ՌԴ ֆինանսական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների հետազոտությունների ինստիտուտի հիմնական գործունեության ուղղությունները, իրականացվող գիտահետազոտական ծրագրերը և միջազգային գործընկերների ներգրավման ձևաչափերը։ Նա ընդգծեց, որ ինստիտուտը պարբերաբար իրականացնում է տարբեր երկրներ ընդգրկող հետազոտական նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով զարգացնելու գիտական կապերը և խթանելու համատեղ հետազոտական աշխատանքների կատարումը։
Քննարկման առանցքում էին ոչ միայն ֆակուլտետի՝ Ֆինանսական համալսարանի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերին մասնակցության հնարավորությունները, այլև համատեղ գիտական հոդվածների պատրաստման և միջազգային հանդեսներում հրապարակման հեռանկարները։ Դեկան Կ․ Խաչատրյանը կարևորեց գիտական համագործակցության ընդլայնումը և նշեց, որ նման նախաձեռնությունների դեպքում ֆակուլտետը պատրաստ է ակտիվորեն ներգրավվելու համապատասխան հետազոտական աշխատանքներում։