Կայացավ «FinnoWay Armenia» PLUS ֆորումը, որը համախմբեց պետական կառույցների, ֆինանսական համակարգի, տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների, ինչպես նաև մանրածախ առևտրի ներկայացուցիչներին։ Այն նվիրված էր թվայնացման ու տարբեր ոլորտների փոխգործակցության հիմնարար խնդիրներին՝ նպատակ ունենալով խթանելու Հայաստանի տնտեսական զարգացումը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և նպաստելու խոստումնալից նոր ծրագրերի իրականացմանը։
Ս․թ. նոյեմբերի 11-12-ը անցկացված ֆորումի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ, տ.գ.թ. Արա Քառյանը հանդես եկավ «Տոկենիզացիան՝ որպես ՀՀ իրական հատվածի զարգացման շարժիչ ուժ» թեմայով զեկուցմամբ։
Դոցենտ Ա․ Քառյանը մասնավորապես կարևորեց այն գաղափարը, որ տնտեսության իրական հատվածի զարգացումը հնարավոր է միայն տեխնոլոգիական առաջընթացի և թվային փոխակերպման պայմաններում։ Նրա խոսքով՝ ՏՏ և արհեստական բանականության (ԱԲ) բաղադրիչների ինտեգրումը տնտեսական տարբեր հարթակներում պետք է ուղեկցվի տոկենիզացիայի մատրիցի ներդրմամբ՝ որպես նորարարական կառավարման գործիք։
Նրա խոսքով՝ տոկենիզացիան տնտեսությունը տեղափոխում է եռաչափից վեցաչափ իրականություն՝ ձևավորելով նոր հնարավորությունների դաշտ և փոխակերպելով բիզնես մոդելները։ Բիզնեսի տոկենիզացիայի հայեցակարգային նպատակները, ըստ ԵՊՀ դոցենտի, ունեն եռաչափ բնույթ՝ նորարարական դաշտի ստեղծում և խթանման շղթայի ձևավորում, արտադրողականության և կառավարման արդյունավետության բարձրացում և այլընտրանքային ներդրումային ռեսուրսների ներգրավում բիզնեսի համար։ Տոկենավորված բիզնես մոդելը, ըստ զեկուցողի, ոչ միայն ստեղծում է ավելացված արժեք, այլև ձևավորում է կայուն և ինքնաբավ էկոհամակարգ՝ խթանելով նորարարության զարգացումն ու տնտեսական դիմադրողականությունը։
«FinnoWay Armenia» PLUS ֆորումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական առաջընթացի առանցքում պետք է լինեն նորարարական լուծումները, թվայնացումը և գիտակրթական միջավայրի ակտիվ մասնակցությունը։
ԵՊՀ ներկայացուցիչների ներգրավվածությունը նման հարթակներում կարևոր ներդրում է՝ բուհական գիտությունը կապելու իրական տնտեսության և բիզնես միջավայրի զարգացման ուղիներին։