ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը։ «ORBITIR: Հայաստանի զարգացման ուղեծրային մոդելը (2025–2035 թթ․)» խորագրով զեկուցմամբ, որը պատրաստվել էր ԵՊՀ սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնում, հանդես եկավ Կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
Ներկաներին ողջունեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը՝ ընդգծելով գիտական սեմինարների անցկացման կարևորությունը՝ որպես գիտության զարգացմանն ու հետազոտական գործունեության խթանմանը միտված կարևոր նախաձեռնություն։ Դեկանի դիտարկմամբ՝ այս սեմինարները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնելու գիտական նոր արդյունքներ, այլև ձևավորում են կառուցողական քննարկումների, համատեղ վերլուծությունների և գիտական համագործակցության խթանման արդյունավետ միջավայր։ Կ․ Խաչատրյանը վստահեցրեց, որ ֆակուլտետը շարունակելու է ընդլայնել այս նախաձեռնությունը՝ նպաստելով գիտության ու կրթության ինտեգրվող զարգացումներին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այն կդառնա տնտեսագիտական մտքի զարգացման կարևորագույն հարթակներից մեկը Հայաստանում։
Զեկուցման շրջանակում պրոֆեսոր Սարգսյանը ներկայացրեց «ORBITIR» մոդելը՝ որպես Հայաստանի Հանրապետության համապարփակ և կայուն զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրի նախագիծ։ Մոդելի անվանումը խորհրդանշում է կայունություն և ուղեծրային առաջընթաց։ Բանախոսի պնդմամբ՝ «ORBITIR» մոդելի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսության և հասարակության տարբեր ոլորտների համահունչ և փոխկապակցված զարգացման ապահովմամբ։ «ORBITIR» մոդելի հիմքում ընկած են յոթ բազիսային հենասյուներ՝ 1․ տնտեսական զարգացում, 2․ սոցիալական կայունություն, 3․ բնապահպանություն, 4․ ազգային անվտանգություն, 5․ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, 6․ տեխնոլոգիական առաջընթաց, 7․ կուլտուրոգենեզ։
Մոդելի մշակման ընթացքում կիրառվել են ժամանակակից վերլուծական մեթոդներ՝ PCA, SHAP, կլաստերային և հիբրիդային վերլուծություններ, ինչպես նաև լոգիստիկ մոդելավորում։ Դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրների զարգացման մակարդակների միջև անցումների հավանականությունը և ստանալու տարբեր զարգացումների հնարավոր սցենարներ։ «ORBITIR» մոդելը Հայաստանի զարգացումը դիտարկում է ոչ թե գծային ընթացքով, այլ դինամիկ ուղեծրի տեսանկյունից, որտեղ հաշվի են առնվում փոփոխությունները, ռիսկերը և կառավարվող անցումները։ Այն համարվում է նորարարական մոտեցում՝ ի տարբերություն ավանդական մոդելների, ինչպիսիք են տնտեսական աճի և կայուն զարգացման մոդելը կամ «OECD»-ի կյանքի բարեկեցության շրջանակը (OECD Well-being Framework):
Հնչեցին հարցեր մեթոդաբանության բարելավման, UI ուղեծրային՝ զարգացման միավորված ինդեքսում հենասյուների կշիռների մեկնաբանության, «ORBITIR» մոդելի փորձարկման վերաբերյալ։
Սեմինարին ներկա գիտնականների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ ծավալվեց քննարկում, որի շրջանակում բարձր գնահատվեց կատարված աշխատանքը, շեշտադրվեց գնահատումների նվազ խոցելի համակարգի մշակման անհրաժեշտությունը կայուն զարգացման համատեքստում:
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտական սեմինարների շարք։ Սեմինարներին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։