ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 25-ին «Տնտեսության պետական կարգավորում» առարկայի շրջանակում դասախոսություն ներկայացրեց «ԲիԴիՕ Արմենիա» աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերության գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար, Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը:
Բանախոսը ուսանողներին ներկայացրեց «Ռազմավարությունից մինչև իրականացում․ ձգտում գերազանցությանը» թեման։ Ըստ նրա՝ առանց ռազմավարական մտածողության անհնար է իրականացնել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, ապահովել հանրային ռեսուրսների նպատակային բաշխում և կանխել կառավարման համակարգում առաջացող ռիսկերն ու անկայունությունները։
Ալեքսանդր Շաղիկյանը նշեց, որ ժամանակակից հանրային կառավարման արդյունավետությունն այսօր մեծապես պայմանավորված է բիզնես մտածողության կիրառումով, ճկուն ռազմավարություններով և տվյալահենք որոշումների ընդունմամբ։ Նա ընդգծեց, որ այժմ տնտեսական քաղաքականության մշակումն այլևս չի կարող սահմանափակվել միայն իրավական և վարչարարական կառուցակարգերով․ անհրաժեշտ է բիզնես ռազմավարության տրամաբանության ներգրավում հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում, ինչը հնարավորություն է ընձեռում հստակ ձևակերպելու պետական առաջնահերթությունները, գնահատելու շահառուների կարիքները, ընտրելու առավել արդյունավետ գործիքակազմ, ինչպես նաև ապահովելու իրականացվող քաղաքականության չափելի և գնահատելի արդյունքները։
Դասախոսության ընթացքում քննարկվեցին հանրային հատվածում ռազմավարության մշակման և իրականացման առանձնահատկությունները։ Բանախոսը ներկայացրեց ռազմավարական երկու կարևոր մոտեցումներ․ առաջինը՝ շախմատային ռազմավարություն (նախապես պլանավորված), որը կիրառելի է կայուն և կանխատեսելի միջավայրում, երկրորդը՝ լեռնագնացային կամ իրավիճակային ռազմավարություն, որը կենսական նշանակություն ունի անորոշության, ճգնաժամերի և արտաքին շոկերի պայմաններում։
Այս համադրումը, ըստ նրա, հատկապես կարևոր է պետական կարգավորման համակարգում, որտեղ ցանկացած որոշման ազդեցությունը դուրս է կազմակերպական սահմաններից և անմիջապես պայմանավորում է երկրի տնտեսական զարգացումը և հասարակության բարեկեցությունը։
Ալեքսանդր Շաղիկյանը ներկայացրեց նաև ռազմավարական մտածողության դասական և ժամանակակից մոտեցումները՝ հղում կատարելով Մ. Պորտերի, Փ. Դրաքերի, Ք. Քրիսթենսենի, ՄքԳրաթի և այլ հեղինակների տեսություններին։ Նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է բիզնես ռազմավարության գործիքակազմը արդյունավետորեն կիրառել հանրային կառավարման ոլորտում։
Դասախոսությանը մասնակցում էին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Ինտերակտիվ ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր և դիտարկումներ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը նշեց, որ ֆակուլտետը կարևորում է համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, ինչը ոչ միայն ամրապնդում է ֆակուլտետի գիտակրթական ներուժը, այլ նաև ուսանողների ու դասախոսական կազմի համար ապահովում է արդի զարգացումների, միջազգային լավագույն փորձի և արդյունավետ գործիքների հասանելիություն՝ նպաստելով կրթության որակի և ուսումնառության մակարդակի շարունակական բարձրացմանը։