ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը։ «Բիզնեսի թվայնացում․ հենքային մատրիցը․ հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արա Քառյանը։
Հեղինակը ներկայացրեց արդի՝ «Meta» դարաշրջանում բլոկչեյն թվային հիմքով կրիպտոարժույթների և թվային ակտիվների կամ տոկենների ընդհանուր բնութագրիչներն ու առանձնահատկությունները։ Անդրադառնալով ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացման հիմնախնդիրներին՝ զեկուցողը ընդգծեց, որ թվային տոկենիզացիան կարող է դառնալ այն հենքը, որը կնպաստի տնտեսության թվային կոնվերգենտ զարգացմանը։
Հիմնավորվեց, որ բիզնեսի թվային տոկենիզացիան կարող է ապահովել պահանջված այլընտրանքային ներդրումային հոսքերի ներգրավում, մեղմել բիզնեսի ծախսերը և բարձրացնել արտադրողականությունն ու կառավարման արդյունավետությունը։ Միաժամանակ այն կարող է ստեղծել նորարարությունների գեներացման և խթանման բարենպաստ միջավայր՝ նպաստելով նորարարական շղթաների ձևավորմանը և զարգացմանը։ Բանախոսի համոզմամբ՝ տնտեսության իրական հատվածի զարգացման և ներառական աճի առանցքը պետք է հիմնվի իրական, ֆինանսական, ՏՀՏ հատվածների և կրթության ոլորտի սերտաճման ու սիներգետիկ աճի վրա։
Սեմինարի ընթացքում համառոտ ներկայացվեց նաև հեղինակի մշակած «Մատեն տոկեն» («Maten Token») թվային տոկենիզացիայի նախագիծը:
Սեմինարը եզրափակվեց մասնակիցների ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում շեշտվեց թվային փոխակերպման գործընթացների ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև անհրաժեշտությունը՝ պետական, մասնավոր և ակադեմիական ոլորտների համագործակցությամբ համատեղ լուծումներ ձևավորելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտական սեմինարների շարք, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։