Ս.թ. դեկտեմբերի 1-5-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում անցկացվեց միջազգային XIX տարեկան գիտաժողովը, որին մասնակցեցին գիտնականներ և հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովն ընդգրկում էր հետազոտական թեմաների լայն շրջանակ, օրակարգը հագեցած էր միջազգային նշանակություն ունեցող կարևոր հիմնահարցերի քննարկումներով:
Բացման հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Է. Մ. Սանդոյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը, բարձրաստիճան հյուրեր և համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՀՀ առաջատար բուհերի ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ղեկավար կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն ու ասպիրանտները ակտիվ ներգրավվեցին գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցեցին ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ Լիանա Կարապետյանը, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ասիստենտ Անի Խալաթյանը, ինչպես նաև Կառավարման և գործարարության ամբիոնի ասպիրանտ Ալիսա Գևորգյանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնակցությունը կարևոր նշանակություն ունեցավ ֆակուլտետի միջազգային գիտական ներկայության ամրապնդման, նոր համագործակցությունների հաստատման և գիտական կապերի ընդլայնման առումով:
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը երկար տարիների արդյունավետ գործընկերության հարուստ փորձ ունեն: Նշենք, որ հոկտեմբերի 8-10 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացած «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ունեցել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները: