ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեցին Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) և «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB International Academy of Business) ներկայացուցիչները՝ քննարկելու համատեղ համագործակցության հնարավոր ուղղությունները։
Պատվիրակության կազմում էին «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր Արաքսյա Մարտիրոսյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Նարինե Խաչատրյանը, «Big 4»-ի աուդիտ մենեջեր, ACCA անդամ Մերի Բերբերյանը, Կենտրոնական Ասիայի, Հայաստանի և Մոնղոլիայի ACCA ղեկավար Ժաննա Իսկենովան և ACCA բիզնեսի զարգացման մենեջեր Բեգայիմ Օրմուշևան:
Այցի շրջանակում հյուրերը հանդիպում ունեցան բակալավրի «Ֆինանսներ» կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների հետ: Բանախոսները ներկայացրին ACCA համակարգը, միջազգային որակավորման կառուցվածքն ու դրա ընձեռած մասնագիտական աճի հնարավորությունները։ Ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու մասնագիտական կարևոր տեղեկություն և իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսներին:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Սահակյանը հրավիրյալ մասնագետների հետ քննարկեցին համագործակցության հնարավորությունները, ֆակուլտետի ուսանողների համար արտոնությունների տրամադրման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ձևաչափերը։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ համագործակցության մեխանիզմների մշակման ուղղություններով։ Կողմերը բարձր գնահատեցին փոխադարձ հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ նպաստելու համագործակցության ձևավորման արդյունավետ ընթացքին։
Ֆակուլտետը պատրաստակամ է ներդնելու իր բոլոր ջանքերը՝ սկսվող համագործակցությունը ACCA-ի հետ արդյունավետ ձևով կազմակերպելու և զարգացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի ուսանողների մասնագիտական զարգացմանը։