ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նվիրյալ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Անահիտ Համբարձումյանը 1994 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբերը ակտիվորեն ներգրավված է եղել համալսարանի գիտամանկավարժական գործունեության մեջ և մեծ ավանդ ունի տնտեսագետների բազում սերունդների կրթության գործում:
Իր կյանքի ավելի քան 30 տարին պրոֆեսորը նվիրել է հարազատ ֆակուլտետին: Նրա գիտական հետազոտությունները վերաբերում են աշխատանքի տնտեսագիտության հիմնահարցերին: ԵՊՀ պրոֆեսորը հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ «Աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորում» (Եր., 2014), «Մարդկային ռեսուրսներ և աշխատանքի էկոնոմիկա» (Եր., 2016), «ՀՀ աշխատաշուկան. իրավիճակը և միտումները» (Եր., 2016) մենագրությունների: Համահեղինակ է «Մարդկային զարգացման հիմունքներ» (Եր., 2004) և «Կառավարման և գործարարության ընտրովի հարցեր» (Եր., 2005) ուսումնական ձեռնարկների: Պրոֆեսորի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան յոթ թեկնածուական ատենախոսություն, որոնցից երկուսը՝ արտասահմանցի հետազոտողների կողմից։
Հատկանշական է, որ պրոֆեսոր Ա. Համբարձումյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ է (1969 թ.) և իր մասնագիտական գործունեության գրեթե ողջ ընթացքում սերտորեն կապված է մնացել հարազատ ֆակուլտետի հետ: 1994-2017 թվականներին եղել է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ, 2017-2025 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր: 1998-2024 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական քարտուղարի պաշտոնը: 1969-1994 թվականներին աշխատել է ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում՝ կրտսեր գիտատեխնիկական աշխատողից մինչև գիտական խմբի ղեկավարի պաշտոններում:
Պրոֆեսորի գիտամանկավարժական վաստակը բարձր է գնահատվել թե՛ համալսարանի, թե՛ պետական կառույցների կողմից։ 2009 և 2019 թվականներին Անահիտ Համբարձումյանը պարգևատրվել է ԵՊՀ պատվոգրերով, իսկ 2014 թվականին՝ ԵՊՀ վաստակագրով։ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2007 թվականին, իսկ ՀՀ Ազգային ժողովը՝ 2014 թվականին, պրոֆեսորին պարգևատրել են շնորհակալագրերով։
