ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. դեկտեմբերի 12-ին կայացած հերթական գիտական սեմինարի ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ Նաիրուհի Ջրբաշյանը ներկայացրեց «Ջրային կուլտուրաների և ձկնաբուծության արտադրության շարժընթացները տարածաշրջանի երկրներում և Հայաստանում և դրանց փոխկապակցվածությունների մոդելավորումը» թեմայով հետազոտությունը։
Հետազոտությունը կատարվել է «Հայաստանի Հանրապետությունում ջրային կուլտուրաների արտադրության արդյունավետ զարգացման մոդելավորման նորարարական տեխնոլոգիայի մշակում» դրամաշնորհային գիտական նախագծի շրջանակում (ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025»)։ Հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվել են միջազգային գիտաժողովում և հրապարակվել են գիտական ամսագրում (Dynamic Linkages Between Regional and Armenian Aquaculture: Evidence From PCA and ARDL Error Correction Analysis):
Ջրային կուլտուրաների և ձկնաբուծության արտադրության արագ աճն աշխարհում պարենային ապահովության և սնուցման՝ սպիտակուցներով հարուստ պարենի մատչելիության գրավականներից մեկն է։ Այդ ճյուղի արտադրանքն աշխարհում շարունակական աճ է գրանցում։ Հայաստանում ևս ջրային կուլտուրաների և ձկնաբուծության արտադրությունը վերջին երկու տասնամյակներին զգալի աճել է։ Նկատի ունենալով Հայաստանում այս ոլորտի վերջին զարգացումները, ինչպես նաև այն, որ ոլորտի վերջին ուսումնասիրությունները շուրջ տասը տարվա վաղեմություն ունեն, այս հետազոտությունն անդրադառնում է համաշխարհային տնտեսությունում, տարածաշրջանում և Հայաստանում ջրային կուլտուրաների և ձկնաբուծության արտադրության ոլորտի զարգացումներին:
Հետազոտությունն ուսումնասիրում է տարածաշրջանում ջրային կուլտուրաների և ձկնաբուծական արտադրության դինամիկան և դրա ազդեցությունը հայկական արտադրության վրա: Գլխավոր բաղադրիչների վերլուծության միջոցով հետազոտության մեջ առանձնացվել են ջրային կուլտուրաների արտադրության տարածաշրջանային աճի և տարամիտման գործոնները, որոնք այնուհետև ներառվել են սխալների ուղղմամբ բաշխված լագերով ավտոռեգրեսիայի (տնտեսական տվյալների նկատմամբ վիճակագրական մեթոդների կիրառում) մոդելի շրջանակում։
Մոդելավորման արդյունքները բացահայտում են Հայաստանի և տարածաշրջանի երկրների ջրային կուլտուրաների արտադրության համատեղ ինտեգրացիա և դրանց արտադրությունների միջև դրական կապ՝ երկարաժամկետ հորիզոնում։ Չնայած կարճաժամկետ հորիզոնում տարածաշրջանային արտադրության բացասական ազդեցություններին՝ Հայաստանում ջրային կուլտուրաների արտադրությունը արագորեն վերադառնում է հավասարակշռային վիճակի՝ համատեղ ինտեգրացիայի շնորհիվ։
Հետազոտության և մոդելավորման արդյունքները հնարավորություն են տվել առաջարկություններ կատարելու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում ջրային կուլտուրաների արտադրության կայունությունն ապահովող մեխանիզմների մասին։ Դրանք հատկապես կարևորվում են՝ նկատի ունենալով, որ 2025 թվականի մարտ ամսից Հայաստանն իրավունք է ստացել ձուկ ու ձկնամթերք արտահանելու ԵՄ։
Հետազոտական խումբը, որը բաղկացած է ԵՊՀ տնտեսության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի աշխատակիցներից, ասպիրանտներից և ուսանողներից, դրամաշնորհային ծրագրի շրջանակում շարունակելու է ուսումնասիրություններն այս ուղղությամբ, որոնց արդյունքները կհրապարակվեն միջազգային գիտական ամսագրերում։
Սեմինարի մասնակիցներն ակտիվ քննարկեցին ներկայացված հետազոտությունը։ Քննարկումների ընթացքում շեշտվեց ջրային կուլտուրաների և ձկնաբուծության արտադրության նշանակությունը ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև դրա հետ կապված բնապահպանական ռիսկերի ակադեմիական գնահատման և պետական կարգավորման անհրաժեշտությունը:
Սեմինարին ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտական սեմինարների շարք, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։