ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանը ս.թ. փետրվարի 6–13-ը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության արևելյան գործընկերության («DAAD Eastern Partnership») շրջանակում աշխատանքային այցով գտնվում էր Գրայֆսվալդի համալսարանում (Գերմանիա)։ Այցը նպատակ ուներ ամրապնդելու ԵՊՀ-ի և եվրոպական գործընկեր բուհերի միջև ակադեմիական և գիտական կապերը։
ԵՊՀ դոցենտը այցի շրջանակում ծանոթացել է Գրայֆսվալդի համալսարանի միջազգային կապերի բաժնի աշխատանքներին, համալսարանի կառուցվածքին և պատմությանը: Հասմիկ Հովհաննիսյանը Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսների և ասպիրանտների համար հանդես եկավ «Ներառական տարածաշրջանային ինտեգրում բևեռացված աշխարհաքաղաքական միջավայրում և TRIPP» թեմայով դասախոսությամբ:
Կարևոր հանդիպումներից էր Գրայֆսվալդի համալսարանի իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության, աճի, կառուցվածքային փոփոխությունների և առևտրի ամբիոնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Սուսաննե Սորետցի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու ֆակուլտետների միջև համագործակցության զարգացման, կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի մշակման և գործարկման հնարավորությունները, համատեղ հետազոտությունների կատարման, հեռավար տարբերակով դասախոսությունների կազմակերպման, դասախոսների և ուսանողների շարժունության մեխանիզմների մշակման ուղղություններով։
Հիշեցնենք, որ Գրայֆսվալդի համալսարանի հետ համագործակցությունը մեկնարկել է նախորդ տարվանից, և այս այցը հնարավորություն տվեց ավելի առարկայական դարձնելու արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Որպես այս համագործակցության շարունակություն՝ նախատեսվում է գերմանացի գործընկերների այցը Երևան, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում ԵՊՀ ներկայացուցիչների հետ և համատեղ ծրագրերի հաջորդ փուլերի մշակում:
Այս այցը ևս մեկ անգամ հաստատեց ԵՊՀ-ի պատրաստակամությունը զարգացնելու միջազգային ակադեմիական համագործակցությունը և ամրապնդելու համալսարանի դիրքը որպես տարածաշրջանային կրթական և գիտական կենտրոն: