ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. մարտի 25-ին կայացավ «ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության աշխատանքային սթրեսի հետազոտումը» թեմայով հերթական գիտական սեմինարը:
Գիտական սեմինարի շրջանակում ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանի, նույն ամբիոնի դոցենտ Ամալյա Գալստյանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման և պլանավորման ամբիոնի դոցենտներ՝ Ելենա Կուլչիցկայի և Ելենա Կադուրայի համատեղ հետազոտության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է վիճակագրական ցուցանիշների և էմպիրիկ հետազոտության արդյունքների հիման վրա վերլուծել տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում աշխատանքային սթրեսի առաջացման պատճառները և վերջինիս վրա ազդող գործոնները: Գիտական սեմինարի ընթացքում ներկայացվեցին մշակված մեթոդաբանությունը և կատարված հետազոտության արդյունքները:
Թեման արդիական է՝ հաշվի առնելով, որ մասնագիտական հետազոտություններում աշխատանքային սթրեսը դիտարկվում է ոչ միայն որպես անհատական կամ հոգեբանական խնդիր, այլև որպես մակրոտնտեսական և սոցիալական մարտահրավեր: Հետազոտության ընթացքում կատարվել է աշխատանքային սթրեսի վրա ազդող գործոնների բազմաչափ գնահատում՝ ըստ սեռատարիքային խմբերի, կազմակերպության տիպի, զբաղվածության բնույթի և աշխատանքի ձևաչափի:
Ստացված արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն գիտական հոդվածի տեսքով: Նշենք նաև, որ հետազոտական խումբը կշարունակի համագործակցությունը՝ ընդլայնելով հետազոտության շրջանակը նաև որակական վերլուծություններով:
Նույն մեթոդաբանությամբ հետազոտություններ անցկացվել են նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Բելառուսում և Հորդանանում, որոնք կօգտագործվեն սույն հետազոտության արդյունքները նաև համեմատական համատեքստում ամփոփելիս:
Սեմինարը եզրափակվեց մասնակիցների ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում շեշտվեց սթրեսի կառավարման ռազմավարական նշանակությունը և սույն հետազոտության ընդլայնման անհրաժեշտությունը:
Սեմինարին ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ և ասպիրանտներ։
Հավելենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում շարունակվում է գիտական սեմինարների շարքը, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։