ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացավ «Բարձր որակավորում ունեցող աշխատուժի արտագաղթը՝ որպես մակրոտնտեսական ռիսկ տարածաշրջանային զարգացումների համատեքստում (ՀՀ օրինակով)» թեմայով հերթական գիտական սեմինարը:
Զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը՝ ներկայացնելով իր կատարած հետազոտության արդյունքները։
Անդրադառնալով աշխատուժի միգրացիայի հիմնախնդրին՝ բանախոսը նշեց, որ բարձր որակավորում ունեցող աշխատուժի արտագաղթի ցուցանիշը ՀՀ-ում ամենաբարձրն է տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի համեմատ։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ ՀՀ-ում բարձր որակավորում ունեցող աշխատուժի արտագաղթը հիմնականում պայմանավորված չէ տնտեսական գործոններով։ Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ երկարաժամկետ հեռանկարում բարձր որակավորում ունեցող աշխատուժի արտագաղթը կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա։ Այդ համատեքստում կարևորվեց համապատասխան ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը՝ հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու և դրական ազդեցությունները խթանելու նպատակով։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում։ Մասնակիցներին հետաքրքրում էին մասնավորապես բարձր որակավորում ունեցող աշխատուժի սահմանման, հետազոտության մեթոդաբանության, ինչպես նաև արտագաղթի հնարավոր դրական ազդեցությունների վերաբերյալ հարցեր։
Սեմինարին ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ և ասպիրանտներ։
Հավելենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում շարունակվում է գիտական սեմինարների շարքը, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։