ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացավ հերթական գիտական սեմինարը, որի շրջանակում «Միջսերնդային արդարությունը տնտեսագիտական դիսկուրսում. ՀՀ համակարգային խնդիրները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Վարդուշ Գյոզալյանը։
Զեկուցումը նվիրված էր միջսերնդային արդարության հիմնախնդրի տնտեսագիտական վերլուծությանը։ Բանախոսը, ընդգծելով դրա տեսական, մեթոդաբանական և կիրառական նշանակությունը արդի տնտեսական համակարգերում, նշեց, որ թեման ժամանակակից գիտական խոսույթի առանցքում է՝ պայմանավորված տնտեսական, սոցիալական և բնապահպանական զարգացումների փոխկապակցվածությամբ և տնտեսական քաղաքականության երկարաժամկետ հետևանքների գնահատման աճող կարևորությամբ:
Բանախոսը մատնանշեց, որ կայուն զարգացման համատեքստում կարևոր նշանակություն ունի ռեսուրսների արդյունավետ բաշխման և արդար վերաբաշխման ապահովումը ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների միջև։ Վերլուծության արդյունքում ներկայացվեցին ՀՀ-ում միջսերնդային արդարության ձևավորման և ապահովման հիմնական խնդիրները՝ դրանք դիտարկելով սոցիալական քաղաքականության, շրջակա միջավայրի, ներդրումային ակտիվության և պետական պարտքի ցուցիչների դինամիկայի ու փոխկապակցված միտումների համատեքստում։
Քննարկմանը ներկա էին ֆակուլտետի տարբեր ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։ Սեմինարն անցավ ակտիվ գիտական բանավեճի, հարցուպատասխանի և մտքերի փոխանակման մթնոլորտում։
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ ներկայացնելով թեմայի ուսումնասիրության շրջանակի և շեշտադրումների ընդլայնման արժեքավոր առաջարկներ:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը՝ կարևորելով թեմայի արդիականությունը և գիտական ուսումնասիրության հետագա խորացման անհրաժեշտությունը։ Իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացրին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:


