ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» («KPMG Armenia») աուդիտորական ընկերության միջև ձևավորված համագործակցության շրջանակում շարունակվում են կրթական համատեղ նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն զարգացնելու ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և ապահովելու տեսական գիտելիքների ու գործնական փորձի արդյունավետ համադրություն։
«Քեյ Փի Էմ Ջի Արմենիա»-ի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։ Այցի շրջանակում ֆակուլտետի «Կառավարում» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների համար «Միաձուլումներ և ձեռքբերումներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «KPMG»-ի գործարքների գծով խորհրդատվական ծառայությունների բաժնի ղեկավար, «ACCA» անդամ, տնտեսագիտության թեկնածու Հարություն Թերզյանը:
Բանախոսը անդրադարձավ ոլորտի արդի զարգացումներին, միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գործընթացների կառավարման և գործարքային խորհրդատվության առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց ռազմավարական նշանակությանը ժամանակակից տնտեսական զարգացումների համատեքստում։ Նշենք, որ Հարություն Թերզյանը ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և համարվում է Հայաստանի առաջատար փորձագետներից մեկը միաձուլումների, ձեռքբերումների (M&A) և գործարքների խորհրդատվության ոլորտում։
Հանդիպման ընթացքում Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը և ավագ մասնագետ Անի Գևորգյանը ուսանողներին ներկայացրին «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ընկերության ընդհանուր գործունեությունը, կազմակերպության կառուցվածքը, մասնագիտական ուղղությունները, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորությունները:
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով: Ուսանողները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին քննարկմանը՝ ընկերության ներկայացուցիչներին ուղղելով իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, բարձր գնահատելով գործընկերների այցը, նշեց, որ նման նախաձեռնությունները կամուրջ են ակադեմիական կրթության և բիզնես միջավայրի միջև։ Դրանք օգնում են ձևավորելու որակյալ մասնագետների նոր սերունդ, որը կկարողանա դիմակայել աշխատաշուկայի նոր մարտահրավերներին:
Կողմերը վերահաստատեցին այսօրինակ ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են ուսանողների գործնական հմտությունները, այլև ամրապնդում են համալսարան-մասնավոր կառույց կապը՝ օգնելով ապագա մասնագետներին ավելի լավ հարմարվելու աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին։