ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացավ հերթական գիտական սեմինարը: ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության միջազգային տարանցիկ տրանսպորտային ուղիների զարգացման խնդիրները» թեմայով ծրագրի (ծածկագիր՝ 25RG-5B145) շրջանակում զեկուցմամբ հանդես եկան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Աբրահամյանն ու տնտեսագիտության թեկնածու Սյուզաննա Պետրոսյանը:
Զեկուցումը նվիրված էր ՀՀ միջազգային տրանսպորտային ուղիների հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղիներին և զարգացման հեռանկարներին։ Ներկայացվեց տրանսպորտի ոլորտի դերը երկրի տնտեսության արդյունավետության և մրցունակության բարձրացման համատեքստում, տրանսպորտի ոլորտի, տրանսպորտի տարբեր տեսակների զարգացման արդի մակարդակը Հայաստանի Հանրապետությունում և հարևան երկրներում:
Բացի դրանից՝ ներկայացվեցին նաև Հայաստանի միջազգային տարանցիկ տրանսպորտային ուղիների գործունեության գնահատման արդյունքները, առկա հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են վերջիններիս զարգացումը, տարածաշրջանային տրանսպորտային համակարգը և միջազգային տրանսպորտային ծրագրերին ինտեգրումը:
«Նոր մետաքսի ճանապարհ» տրանսպորտային ծրագրի շրջանակում անդրադարձ կատարվեց «Հյուսիս-Հարավ» և «Հարավ-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքների հիմնական և այլընտրանքային ուղիների ձևավորմանը, դրանց համեմատական վերլուծությանը և տնտեսական նպատակահարմարության գնահատմանը։ Արդյունքում ներկայացվեցին Հայաստանի ինտեգրման հնարավորությունները խոշորագույն տրանսպորտային ծրագրին։ Համաձայն հետազոտության արդյունքների՝ ՀՀ մասնակցությամբ ուղիները հատկապես արդյունավետ և նպատակահարմար են «Հարավ-Արևմուտք» ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման համար, որտեղ դիտարկվող ամենաարդյունավետ երթուղին «Չինաստան – Իրան – Հայաստան – Վրաստան – Բուլղարիա – ԵՄ երկրներ» ուղին է՝ հայ-իրանական երկաթուղու կառուցման պայմաններում։
Սեմինարի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ կամ TRIPP ուղի) միջազգային տրանսպորտային ծրագրին՝ հիմնավորելով, որ Հայաստանի համար տնտեսապես առավել նպատակահարմար է առաջնահերթ քայլեր ձեռնարկել «Հարավ-Արևմուտք» ուղղությամբ ինտեգրվելու համար, քանի որ այն ապահովում է ոչ միայն բարձր տնտեսական արդյունավետություն, այլև ունի համեմատաբար նվազ ռիսկեր՝ անվտանգային և քաղաքական տեսանկյուններից։ Կարևորվեց ՀՀ տրանսպորտային համակարգի, լոգիստիկական ենթակառուցվածքների զարգացումը և արտաքին երկաթուղային կապերի ընդլայնումը։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ստացված արդյունքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում։ Մասնավորապես՝ 2025 թ. նոյեմբերի 5–6-ը Հայ-ռուսական համալսարանում կայացած 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովում («Трансформация теории и практики управления в XXI веке»), ինչպես նաև ս.թ. մարտի 13–14-ը Հարավային դաշնային համալսարանում (ք. Ռոստով) անցկացված VI միջազգային գիտաժողովում («Технологии менеджмента в современной экономике: тенденции и перспективы»)։
Ստացված արդյունքներն արտացոլող մեկ գիտական հոդված այժմ տպագրման փուլում է և առաջիկա օրերին լույս կտեսնի «Scopus» ինդեքսավորում ունեցող միջազգային հեղինակավոր ամսագրում: Պատրաստված է ևս մեկ գիտական հոդված «Scopus» ինդեքսավորում ունեցող միջազգային հեղինակավոր ամսագրում տպագրման համար:
Քննարկմանը ներկա էին ֆակուլտետի տարբեր ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։ Սեմինարն անցավ գիտական ակտիվ բանավեճի, հարցուպատասխանի և մտքերի փոխանակման մթնոլորտում։