«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը և ֆակուլտետի դեկանի տեղակալ, գրասենյակի ղեկավար, դոցենտ Վարդան Ալեքսանյանը այցելեցին Ռիգայի կիրառական գիտությունների համալսարան (Լատվիա) և մասնակցեցին «Միջազգային ակադեմիական շաբաթ» (International Academic Week) ծրագրի աշխատանքներին:
Միջազգային ակադեմիական շաբաթին մասնակցում էին շուրջ 55 ներկայացուցիչներ աշխարհի 14 երկրների 26 առաջատար բուհերից: Համախմբելով միջազգային ակադեմիական համայնքի անդամներին՝ ծրագիրը նպատակ ուներ խթանելու համագործակցությունը, փորձի փոխանակումը և նոր գործընկերային կապերի ձևավորումը։ Երևանի պետական համալսարանը այն եզակի հինգ բուհերից էր, որի ներկայացուցիչները միջոցառման հանդիսավոր բացմանը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կրթական և գիտահետազոտական հիմնական ուղղությունները։
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կ. Խաչատրյանն իր ելույթում ներկայացրեց ԵՊՀ կառուցվածքը, կրթության, գիտության և միջազգային համագործակցության ոլորտներում արձանագրված հիմնական ձեռքբերումներն ու ռազմավարական զարգացման առաջնահերթությունները։
Դեկանը անդրադարձավ նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գործունեությանը՝ ներկայացնելով ամբիոնների աշխատանքը, կրթական ծրագրերը, հետազոտական լաբորատորիաները, գիտական հետազոտությունների շրջանակը, «Բանբեր» ամսագիրը և ֆակուլտետի ամենամյա միջազգային գիտաժողովը։
Ծրագրի շրջանակում ԵՊՀ ներկայացուցիչները առանձին հանդիպում ունեցան Ռիգայի կիրառական գիտությունների համալսարանի գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ելենա Տիտկոյի հետ` քննարկելով երկկողմ հարաբերությունների խորացման ռազմավարական առաջնահերթությունները։ Նշենք, որ Ելենա Տիտկոն 2024 թ. հոկտեմբերին հյուրընկալվել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում և մասնակցել «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային գիտաժողովին:
Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին նաև մի շարք խմբային քննարկումներ և աշխատաժողովներ, որոնց ընթացքում մասնակից բուհերի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հնարավոր ձևաչափերն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Հանդիպումների ժամանակ դեկան Կ. Խաչատրյանն ընդգծեց, որ ֆակուլտետը հետաքրքրված է ոչ միայն կրթական նախաձեռնությունների զարգացմամբ (ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրեր և այլ նախաձեռնություններ), այլև գիտական համագործակցության խորացմամբ՝ համատեղ հետազոտությունների կատարում և գիտական հոդվածների հրատարակում, ինչպես նաև միջազգային գիտական դրամաշնորհային հայտերի համատեղ պատրաստում։
Միջազգային ակադեմիական շաբաթվա շրջանակում դոցենտ Կ. Խաչատրյանը գործընկեր համալսարանի ուսանողների համար հանդես եկավ «Մարդկային կապիտալի կառավարման արդի հիմնախնդիրներ» («Contemporary issues on human capital management») թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով ոլորտի ժամանակակից մարտահրավերներն ու զարգացման միտումները։
Դոցենտ Վ. Ալեքսանյանը ներկայացրեց «Կայուն բիզնես մոդելներ» («Sustainable business models») թեմայով դասախոսություն՝ անդրադառնալով կայունության վրա հիմնված բիզնես մոդելների ձևավորման հիմնական մոտեցումներին և դրանց կիրառման մարտահրավերներին։
Ծրագիրը կարևոր հարթակ էր միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման, նոր գործընկերային կապերի ձևավորման և համատեղ գիտակրթական նախաձեռնությունների խթանման համար։

