Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կրթական գործընթացի կազմակերպման առաջնահերթություններից է տեսական գիտելիքի և գործնական հմտությունների արդյունավետ համադրումը։ Այս համատեքստում մասնագիտական պրակտիկան կարևոր կամուրջ էր համալսարանական կրթությունից դեպի աշխատաշուկա անցման գործընթացում:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ամփոփվեցին 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտական պրակտիկայի արդյունքները: Այս տարի ֆակուլտետում իրականացված պրակտիկայի գործընթացը առանձնացել է իր լայն ընդգրկվածությամբ։
Ընդհանուր առմամբ, 193 ուսանող (147-ը՝ առկա, 46-ը՝ հեռակա համակարգից) իրենց մասնագիտական փորձառությունն են անցել ինչպես պետական հատվածի կառույցներում, այնպես էլ մասնավոր հատվածի առաջատար կազմակերպություններում։
Ֆակուլտետը ձևավորվել է համագործակցային կայուն ցանց Ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի առաջատար կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ներգրավվելու տարբեր ոլորտներում՝ ըստ իրենց մասնագիտացման, ինչպես նաև ավարտական աշխատանքների թեմատիկ ուղղությունների։ Պրակտիկայի կազմակերպման շրջանակում ապահովվել է ոլորտային համաչափ ներգրավվածություն՝ ընդգրկելով ինչպես մասնավոր, այնպես էլ ֆինանսաբանկային և պետական հատվածները։ 2025–2026 ուսումնական տարում պրակտիկայի բաշխվածությունը բավականին հավասարակշռված պատկեր է ձևավորել։
Ուսանողների ամենամեծ խումբը՝ 80 ուսանող (41.5 տոկոս), պրակտիկա է անցել մասնավոր հատվածի կազմակերպություններում՝ ընդգրկվելով ոլորտային տարբեր ընկերություններում։ Ֆինանսաբանկային ոլորտը նախընտրել է 60 ուսանող (31.1 տոկոս), ինչը վկայում է այս ուղղության նկատմամբ կայուն հետաքրքրվածության մասին։ Միաժամանակ, 53 ուսանող (27.4 տոկոս) իրենց մասնագիտական փորձառություն է ստացել պետական կառույցներում՝ ապահովելով պետական հատվածում ներգրավվածության զգալի մակարդակ։
Տարիներ շարունակ ֆինանսաբանկային հատվածում ուսանողների ներգրավվածության բարձր մակարդակը վկայում է այս կառույցների կողմից ֆակուլտետի պատրաստած կադրերի նկատմամբ ձևավորված վստահության մասին։ Առանձին ուշադրության են արժանացել նաև այն բանկերը, որտեղ ուսանողների ներգրավվածությունն առավել ընդգծված է եղել՝ «Բիբլոս բանկ Արմենիա», «Ակբա բանկ», «Արդշինբանկ» և «Ֆասթ բանկ»։ Պետական կառույցների շարքում ուսանողների ներգրավվածության տեսանկյունից առանձնանում են հատկապես Պետական եկամուտների կոմիտեն, Կենտրոնական բանկը, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները։
Գործատուներից ստացված հետադարձ կապը ևս դրական է։ Նրանք հատկապես մատնանշում են ԵՊՀ ուսանողների վերլուծական մտածողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը և տեսական ամուր հենքը, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ձեռք բերելու գործնական հմտություններ։ Շատ դեպքերում պրակտիկան ավարտվում է աշխատանքի առաջարկով, ինչը ֆակուլտետի գլխավոր նպատակներից է։ Այս տարվա նման հաջողված ձեռքբերումներից է Էդուարդ Հարությունյանի օրինակը։
Էդուարդը, լինելով ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ «Ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներից, իր պրակտիկան անցկացրել է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։ Ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, վերլուծական միտք և թիմում աշխատելու գերազանց ունակություններ՝ նա պրակտիկայի ավարտից անմիջապես հետո ստացել է աշխատանքի հրավեր և այսօր արդեն բանկի աշխատակից է։
- Էդուա՛րդ, ինչպե՞ս կբնութագրեք պրակտիկայի դերը Ձեր կարիերայի մեկնարկում։
- Պրակտիկան ինձ համար կարևոր առաջին քայլ էր իմ մասնագիտական կայացման ճանապարհին, քանի որ հնարավորություն տվեց կիրառելու համալսարանում ստացած տեսական գիտելիքները իրական աշխատանքային պայմաններում։ Այն նաև օգնեց հասկանալու ֆինանսական ոլորտի գործնական գործընթացները, զարգացնելու պատասխանատվության զգացումը և ձեռք բերելու մասնագիտական փորձ ու կապեր, որոնք կարևոր նշանակություն ունեն կարիերայի սկզբնական փուլում։
- Որո՞նք էին այն հիմնական հմտությունները, որոնք Ձեզ օգնեցին անցնելու աշխատանքի հենց այդ նույն բանկում։
- Առաջին հերթին՝ հաղորդակցման հմտություններս, պատասխանատվության զգացումը և արագ սովորելու կարողությունը։ Կարծում եմ՝ գործատուն գնահատեց իմ նախաձեռնողականությունը, թիմում աշխատելու կարողությունը և մասնագիտական բազային գիտելիքները, որոնք դրսևորելու բազմաթիվ հնարավորություններ ունեցա։
- Ի՞նչ կմաղթեք այն ուսանողներին, որոնք դեռ նոր են պատրաստվում իրենց պրակտիկային։
- Խորհուրդ կտամ պրակտիկային չվերաբերվել որպես ձևականության, այլ որպես հնարավորություն՝ սովորելու և իրենց դրսևորելու համար: Կարևոր է լինել ակտիվ, չվախենալ հարցեր տալուց, հետաքրքրվել աշխատանքային գործընթացներով և փորձել առավելագույնը վերցնել այդ փորձից, քանի որ հենց այդ փոքր քայլերն են հաճախ դառնում ապագա կարիերայի հիմքը։
Էդուարդ Հարությունյանի և բազմաթիվ այլ ուսանողների հաջողությունները փաստում են, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը իր ուսանողների կողքին է մասնագիտական կայացման ճանապարհին: Գործատուների հետ սերտ համագործակցությունը և պրակտիկայի համակարգված գործընթացը շարունակելու են մնալ ֆակուլտետի ուշադրության կենտրոնում՝ ի նպաստ ուսանողների կարիերայի զարգացման։

