«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանը և Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Կարինե Ասրյանը ս.թ. ապրիլի 18-25-ը մասնակցեցին Բրատիսլավայի տնտեսագիտության և գործարարության համալսարանում (Սլովակիա) կազմակերպված «Միջազգային ակադեմիական շաբաթ» («International Academic Week 2026») ծրագրին:
Ծրագիրը միավորել էր տարբեր երկրների ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով խթանելու միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը և գործընկերային նոր կապերի ձևավորումը։
Այցի շրջանակում ԵՊՀ դասախոսները ներգրավված են եղել ինչպես ուսումնական, այնպես էլ գիտակրթական և համագործակցային աշխատանքներում՝ կարդալով դասախոսություններ, ինչպես նաև մասնակցելով երկկողմ և բազմակողմ մի շարք հանդիպումների և մասնագիտական քննարկումների։
Բրատիսլավայի տնտեսագիտության և գործարարության համալսարանում պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը և դոցենտ Կարինե Ասրյանը բակալավրի և մագիստրատուրայի բազմազգ լսարանների համար հանդես են եկել դասախոսություններով։
Պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը կարդացել է «Փայթնի (Python) կիրառությունները բիզնես վերլուծություններում» թեմայով դասախոսություն՝ ներկայացնելով ժամանակակից վերլուծական գործիքների կիրառական հնարավորությունները բիզնես գործընթացների ուսումնասիրության և տվյալների վերլուծության համատեքստում։
Դոցենտ Կարինե Ասրյանը կարդացել է «Նեյրոմարքեթինգը՝ որպես բիզնես ռազմավարության արդյունավետ գործիք (ստարտափների օրինակով)» թեմայով դասախոսություններ՝ շեշտադրելով նեյրոմարքեթինգի կիրառական նշանակությունը ժամանակակից բիզնես միջավայրում և դրա դերը արդյունավետ ռազմավարությունների ձևավորման գործում։
Դասախոսությունները ներկայացվել են ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով դեպքերի քննարկում, խնդիրահենք ուսուցում, գործնական վարժություններ, խմբային նախագծեր և սահիկաշարեր, ինչը նպաստել է ուսանողների ակտիվ ներգրավվածությանը և ուսումնառության գործընթացի ավելի գործնական ու կիրառական բնույթին։
Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև տարբեր հեղինակավոր բուհերի ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց ընթացքում դիտարկվել են համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, կրթական նոր մոդուլների մշակման և համագործակցային այլ հնարավոր ձևաչափերի կիրառման հնարավորությունները: ԵՊՀ դասախոսները ակտիվորեն ներգրավված են եղել խմբային քննարկումներում: Դոցենտ Կ․ Ասրյանը Իտալիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել է սպառողների վարքագծային մոդելների և որոշումների կայացման մեխանիզմների ուսումնասիրությանն ուղղված համատեղ հետազոտական նախագծի իրականացման հնարավոր ձևաչափերը։
Պրոֆեսոր Ռ․ Գևորգյանը Բրատիսլավայի տնտեսագիտության և գործարարության համալսարանի պրոֆեսոր Միրոսլավ Հուդեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարման վերաբերյալ՝ կենտրոնանալով վարքագծային տնտեսագիտության խնդիրների և մարդ-համակարգիչ փոխազդեցություն հետազոտական ուղղությունների վրա՝ համագործակցելով ԵՊՀ համապատասխան գիտական լաբորատորիայի հետ, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնելու միջբուհական գիտական կապերը և համատեղ հետազոտությունների շրջանակը։
Հանդիպումների ընթացքում նաև քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Բրատիսլավայի տնտեսագիտության և գործարարության համալսարանի միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներառելով համատեղ գիտական նախագծեր, ուսանողական և դասախոսական փոխանակման ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի մշակումը:
Ամփոփելով այցի արդյունքները՝ Ռուբեն Գևորգյանը և Կարինե Ասրյանը նշել են, որ ծրագիրը կարևոր հարթակ էր միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման, միջառարկայական համագործակցության խորացմանը և ինտերակտիվ ուսուցման մեթոդների վրա հիմնված կրթական նոր մոդուլների ներդրման հնարավորությունների դիտարկման և համատեղ նախաձեռնությունների զարգացման համար՝ ընդգծելով նմանատիպ միջհամալսարանական փոխայցերի շարունակականության և հետագա խորացման անհրաժեշտությունը՝ որպես կրթության և գիտության միջազգայնացման ռազմավարական ուղղություն։




