Երևանի պետական համալսարանի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Հակոբջանյանը ապրիլի 27-30-ն աշխատանքային այցով Բրատիսլավայի տնտեսագիտության և գործարարության համալսարանում (ԲՏԳՀ) էր՝ քննարկելու կրթական ծրագրի լավարկմանը, ինչպես նաև միջազգային գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում կատարված այցի ընթացքում գործընկեր համալսարանում կազմակերպվել են երկկողմ և բազմակողմ մի շարք աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, որոնք առնչվել են կրթական ծրագրի բովանդակային և կազմակերպական զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնմանը։
ԵՊՀ կառավարման և գործարարութան ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՏԳՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Եվա Հանուլակովայի հետ։ Քննարկվել և ուսումնասիրվել են «Բրենդի կառավարում», «Գովազդ», «Թվային մարքեթինգ» և «Հասարակայնության հետ կապեր» դասընթացների նկարագրիչները, որոնք դասավանդվում են գործընկեր բուհում։ Ներկայացվել է նաև ԵՊՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանը՝ համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Շուկայագիտություն (մարքեթինգ)» կրթական ծրագիրը կրկնակի դիպլոմով դարձնելու հնարավորությունը։ Աշխատանքային հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել մարքեթինգի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Դանիել Կռայչիկի հետ։ Անդրադարձ է կատարվել միջազգային փորձի հիման վրա իրավիճակային խնդիրների մշակման, դրանց բովանդակային հարստացման և կրթական գործընթացում կիրառմանն առնչվող հարցերին։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵՊՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար առցանց հարթակում դասախոսություններ վարելու ուղղությամբ։
Բացի դրանից՝ ԲՏԳՀ միջազգային առևտրի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էլենա Կաստակովայի հետ քննարկվել են նաև համատեղ գիտական աշխատանքներ և դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Գործուղումը կարևոր հնարավորություն էր համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման և միջազգային կապերի ամրապնդման տեսանկյունից։ Գործընկերների հետ քննարկվել են նաև «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար թեմատիկ առցանց դասախոսությունների կազմակերպման, ինչպես նաև համատեղ նախագծային և հետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորությունները։ Հաջորդ նախաձեռնությունների շարքում առավել առարկայական կդիտարկվեն հրավիրյալ պրոֆեսորի ներգրավման և համատեղ/կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրի վերաբերյալ հարցերը։