«Իրավագիտությունից անդին»-ի հյուրն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ Տարոն Սիմոնյանը: Նրա հետ զրույցի ընթացքում փորձել ենք բացահայտել իրավաբանների ստեղծագործական աշխարհի, հոգևոր թռիչքների գաղտնիքները:
- Պարո՛ն Սիմոնյան, թյուր կարծիք կա, որ իրավաբաններն իրենց էությամբ կոշտ, սառը մարդիկ են։ Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ։
- Չեմ ցանկանում համաձայնել այդ տեսակետի հետ, որովհետև իմ ճանաչած իրավաբանները հիմնականում շատ բաց, մարդասեր, հումորով լեցուն և շատ դեպքերում՝ ստեղծագործ մարդիկ են։ Այլ բան է, որ մյուսները սահմանափակվում են իրավաբանության նեղ բնագավառով, կրկնվող աշխատանքով և չեն ցանկանում բացահայտել դրա անսահմանությունը, այդ թվում՝ գիտելիքի այլ ոլորտների հետ ներդաշնակության մեջ։
Ինչպես Թումանյանն էր ասում՝ բարություն, գեղեցկություն, ճշմարտություն՝ սրանք են կյանքում հիմնականը։ Իրավաբաններն այս երեքով էլ զբաղվում են, նրանք չեն կարող լինել կոշտ և սառը, բայց կարող են չիմանալ Թումանյանի խոսքերի մասին։ Հենց որ իմացան, ամենի ինչ լավ կլինի։
- Մենք գիտենք, որ Դուք ստեղծագործում եք տարբեր ժանրերում, կբացե՞ք գաղտնիքները։
- Գաղտնիքներ չկան։ Իմ ընկերներն ու մտերիմները գիտեն, որ ես սիրում եմ նկարել, երբեմն էլ՝ գրել, հատկապես, երբ կարիք եմ զգում «փախչելու» կենցաղից, մի քիչ վայելելու մենությունը, երբ ոգևորված եմ լինում կյանքի, մարդկանց հոգևոր գեղեցկության առանձին դրսևորումներով կամ այդպիսիք բացահայտելու ցանկությամբ։
Նկարում եմ մարդկանց, հիմնականում՝ կանանց։ Նկարում եմ մատիտով։
Երբեմն գրում եմ, բայց ոչ հաճախ, երբ ինչ-որ կարիք է լինում։ Օրինակ՝ վերջերս գրել էի «Կոչ զարթոնքի» հիմնը, որը իմ լավ ընկերոջ երաժշտական ստեղծագործությամբ և պետական սիմֆոնիկ նվագախմբի մշակումով ու Վանաձորի կամերային երգչախմբի կատարմամբ հնչեց Վանաձորի կենտրոնում՝ Արցախ պուրակում, «Լաոյի զարթոնքը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ։
ԿՈՉԸ ԶԱՐԹՈՆՔԻ
Շատ դարեր տևեց փորձութունը մեր,
Բարի կամքը մեր շահարկին շատեր,
Բայց հայոց հայրերը տվեցին Երկիր,
Եվ սուրբ մայրերը երգեցին՝ զարթնի՛ր:
Զարթնենք, եղբա՛յր, վար ձգող նիրհից,
Հաղթական պատգամ վերցնենք կյանքից։
Ճառագե՛նք անհուն արարման տենչով՝
Ժառանգած երազն այսօր կերտելով...
Ճառագե՛նք անհուն արարման տենչով՝
Ժառանգած երազն այսօր կերտելով...
Լսվում է արդեն կոչը զարթոնքի`
Դեպի ձոն Լույսը ու Ազատ Ոգի։
Կենաց մարտերում հայի պայքարով՝
Կանգնում ենք, ահա, կրակե սրտով։
Զարթնենք, եղբա՛յր, վար ձգող նիրհից,
Հաղթական պատգամ վերցնենք կյանքից։
Ճառագե՛նք անհուն արարման տենչով՝
Ժառանգած երազն այսօր կերտելով...
Ճառագե՛նք անհուն արարման տենչով՝
Ժառանգած երազն այսօր կերտելով...
- 2018 թ. հրապարակվեց Ձեր «ԱՐԲԱՆԷ» գիրքը։ Ինչպե՞ս «ծնվեց» այն։
- Դե՛, ինչպես մյուս գրքերն ու հոդվածները, բայց մի փոքր տարբերությամբ։ Երբ չեմ գտնում այն գիրքն ու հոդվածը, որ ուզում եմ կարդալ, ստիպված եմ լինում ինքս գրել։ Այսինքն՝ հետազոտում եմ այդ բնագավառի գրականությունը մինչև այն հանգրվանը, երբ գիտակցում եմ, որ խնդրի միակ լուծումը՝ պատասխան գտնելը, ստեղծագործելն է։ «ԱՐԲԱՆէ»-ի պարագայում մի քիչ այլ կերպ ստացվեց։ Ուսումնասիրելով ֆենոմենալ ներուժ ունեցող հայ ազգի զարգացման խոչընդոտների վերաբերյալ առկա գրականությունը, մինչև այդ պահը տված ախտորոշումները և չգտնելով ինձ շատ հուզող հարցերի պատասխանը՝ որոշեցի միայնակ ճանապարհորդել Հայկական լեռնաշխարհից դուրս՝ դրսի հայացքով մեր խնդրին նայելու ակնկալիքով։ Ուղղությունս Հիմալայան լեռնաշխարհն էր, որտեղ մնացի մի որոշ ժամանակ, անգամ ընկերացա տեղի որոշ հոգևոր գործիչների հետ։ Այլ քաղաքակրթությունից մեզ նայելու արդյունքում որոշ օրինաչափություններ որոշակիացրի հայ ազգի քաղաքակրթական հասունացման գործընթացում և արդյունքում վերադառնալուց հետո դրանք ներկայացրի այդ գրքում։
- Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե իրավաբան չդառնայիք։
- Ես միշտ սիրել եմ ֆիզիկան և աստղագիտությունը։ Հիմա էլ եմ սիրում և, որպես հոբբի, զբաղվում եմ ֆիզիկայի, տիեզերագիտության, աստղագիտության, քվանտային մեխանիկայի ուսումնասիրություններով։
Կարծում եմ՝ եթե իրավաբան չդառնայի, աստղաֆիզիկայի ուղղությամբ կգնայի։
- Ինչպե՞ս եք մեկտեղում իրավագիտությունն ու արվեստը։
- Իրավագիտությունը ևս արվեստ է։ Արվեստ է արդարության և բարու, ինչպես նաև մարդկանց կյանքն ավելի ներդաշնակ դարձնելու մասին։ Այդ պատճառով ես դրանք չեմ տարանջատում։ Իսկ եթե արվեստը նեղ իմաստով մեկնաբանենք, օրինակ, կերպարվեստը, ապա համատեղելը շատ հեշտ է ստացվում։
Ցերեկներն ինձ նվիրում եմ իրավաբանությանը՝ համալսարանական կյանքում, մեր իրավաբանական գրասենյակում, աշխատանքին, իսկ երեկոյան լարված մասնագիտական աշխատանքից, տարաբնույթ հանդիպումներից, բանակցություններից, վեճերի կարգավորումից հանգստանալու համար փորձում եմ ակտիվացնել ուղեղի մյուս գործառույթը, որը պատասխանատու է արդեն Ձեր նշած արվեստի համար։ Միացնում եմ դասական, ռոք կամ բլյուզ երաժշտությունը և փորձում զբաղվել Ձեր նշած արվեստով։
Ինչ-որ առումով դա արվում է, որպեսզի ուղեղի գործառույթների երկու ուղղություններն էլ (էթիկան և էսթետիկան) աշխատեն, միմյանց օգնեն, պարապ չմնան և արդյունքում՝ ամբողջ ուղեղի աշխատանքի արդյունավետությունը բարձրանա։
- Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը։
- «ԱՐԲԱՆԷ»-ի շարունակությունում, որ այս տարի կհրատարակվի, և որտեղ ես մշակում եմ XXI դարի առաքինի անհատի՝ իմ պատկերացրած որակները, որոշակիացրել եմ ութ կարգախոս, որոնք կարելի է ամփոփել երկուսում։
Երևի դրանք կարելի է համարել նաև ինձ ուղղված կարգախոսները՝
Առաքելության գիտակցմամբ և արարելով ավելին, քան սպառում ես, բարձրացի՛ր և բարձրացրո՛ւ։
Հանուն հորիզոնի ընդարձակման, ճանաչելով աշխարհն ու քեզ՝ կանոնակարգված աշխատանքով ստանձնի՛ր առաջընթացի քաջությունը։
- Ո՞րն է հաջողության հասնելու գրավականը։
- Երբ համարձակվում ենք որոշում ընդունել օգտվելու սեփական բանականությունից և համառությամբ պայքարելու հանուն մեր առջև դրված նպատակի։
- Ընտրության առջև կանգնելով՝ ինչո՞վ եք առաջնորդվում. սի՞րտ, թե՞ բանականություն։
- Իմ համոզմամբ՝ դրանք չպետք է հակադրել, հատկապես նաև այն պատճառով, որ սրտի ճիշտ՝ համաչափ աշխատանքի արդյունքում է ուղեղին մատակարարվում անհրաժեշտ պարբերականությամբ արյան ու թթվածնի այն չափաբաժինը, որ հնարավոր է դարձնում դրա արդյունավետ աշխատանքը և հետևաբար՝ բանականության սրությունն ու ընտրության վրա ազդող գործոնների փոխկապվածության գիտակցումը։
Եթե խոսքը վերաբերում է մարդու, տվյալ պարագայում՝ իմ՝ հույզերով կամ հաշվարկներով առաջնորդվելուն, ապա դա կախված է տարիքից, միջավայրից, հանգամանքներից, ծառացած խնդրից ու նրանից, թե ես սոցիալական ինչ պարտավորության շրջանակում եմ կայացնելու այդ որոշումը։
Եթե ընտրություն կատարելու իմ որոշումը տարածվելու է նաև այլ մարդկանց և նրանց ապագայի վրա, ապա այստեղ գերակայությունը տրվում է խիստ հաշվարկներին ու որոշման հնարավոր հետևանքների համադրությանը, իսկ եթե ընտրության հետևանքը տարածվելու է միայն ինձ վրա, ապա երբեմն կարող եմ նաև թույլ տալ բանականությունը չլարելու և իներցիոն հույզերին տրվելու ճոխություն։
- Եթե երբևէ չիրականացած երազանքը ձայն ունենար, ի՞նչ կասեր Ձեզ։
- Հեգնական դեմքով ինձ կհիշեցներ Համո Սահյանի «Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր» բանաստեղծությունը։
- Ունե՞ք ինքներդ Ձեզ տված խոստում։
- Չհանձնվե՛լ։
- Պատմական ո՞ր ժամանակաշրջանում կցանկանայիք ապրել։
- Դեռ չի եկել այդ ժամանակը։ Կուզենայի ապրել այն ժամանակ, երբ հնարավոր կլինեն միջմոլորակային ճանապարհորդություններն ու նոր աշխարհների բացահայտումը:
- Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնում։
- Այս անգամ էլ չեմ բարձրաձայնի։
Հարցազրույցը՝ Անահիտ Ղազարյանի


