- Գլխավոր
- Նորություններ
- Տիեզերքի ուսումնասիրության հեռանկարներ և թվային աշխարհի կարևոր հարցեր. քննարկում ԵՊՀ-ում
Հուլիս 30, 2025 | 10:39
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ
Տիեզերքի ուսումնասիրության հեռանկարներ և թվային աշխարհի կարևոր հարցեր. քննարկում ԵՊՀ-ում
Վերջին քսան տարիների ընթացքում աստղաֆիզիկայում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ ու նորություններ: Այդ մասին ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի՝ «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի մոդերատորի առաջարկով հետաքրքիր զրույց ծավալեցին օրվա բանախոսները:

ԵՊՀ շրջանավարտների ֆորումի «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի շրջանակում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում քննարկվել են տիեզերքի ուսումնասիրման հեռանկարներին ու թվային աշխարհին առնչվող կարևոր հարցեր։

Ֆորումի թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի շրջանակում բանախոսեցին ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ֆելիքս Ահարոնյանը, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանը (առցանց), Գերմանիայի Ֆ. Շիլլերի անվան Ենայի համալսարանի աստղադիտարանի գիտաշխատող Վալերի Համբարյանը (առցանց), ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ակադեմիկոս, Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սահարյանը:
Ֆելիքս Ահարոնյանն անդրադարձավ ֆիզիկական տիեզերագիտության և աստղագիտության մեջ էներգիայի առաջարկվող մի ձևի՝ մութ էներգիայի գաղափարին: Մութ էներգիայի գոյության ապացույցներն անուղղակի են, այն տվյալ բնագավառի եզակի հարցերից է, որ չունի կոնսենսուս:

Վերջինիս գոյության գաղափարն առաջ է քաշվել այն բանից հետո, երբ գիտնականները, ուսումնասիրելով գերնոր աստղերի կամ բռնկվող աստղերի լույսը, կատարեցին եզրահանգում, որ իրականում տիեզերքի ընդարձակման արագությունը գնալով մեծանում է։ Ըստ գիտնականների՝ տիեզերքն ընդարձակվում է անընդհատ մեծացող արագությամբ «մութ» էներգիայի հաշվին, որը կազմում է տիեզերքի մոտ 75 տոկոսը։
Հաջորդ կարևոր ձեռքբերումներն են Սև խոռոչների բախման հետևանքով առաջացող գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը (առնվազն 100 տարվա տեսական ենթադրությունների և կանխատեսումների ֆոնին), ինչպես նաև առհասարակ Սև խոռոչների ասպարեզում արված ուսումնասիրությունները:

Գարիկ Իսրայելյանն առանձնացրեց այն կարևոր փաստը, որ 2009-ից ի վեր՝ հայտնաբերվել են բազմաթիվ էկզոմոլորակներ, իսկ 2017-2019 թվականներին՝ նաև 2 երկնաքարեր, որոնք չեն պատկանում Արեգակնային համակարգին և այստեղ «հայտնվել են» միջաստղային տարածությունից:
Էկզոմոլորակներ են այն մոլորակները, որոնք Արեգակնային համակարգից դուրս են։ Թեպետ էկզոմոլորակների ուսումնասիրությունն աստղաֆիզիկայի համեմատաբար նոր ուղղություն է, սակայն վերջին շուրջ երեք տասնամյակների ընթացքում գիտնականներն արդեն իսկ հայտնաբերել են շուրջ 5600 էկզոմոլորակ։
Վալերի Համբարյանը մատնանշեց բնագավառի մի քանի ուշագրավ խնդիրներ, որոնք թեև նոր չեն, սակայն ժամանակակից աստղաֆիզիկայի համար ունեն հիմնաքարային նշանակություն:

Նա մասնավորապես ընդգծեց աստղերի առաջացման նախնական զանգվածի գործառույթին վերաբերող ժամանակակից դիտողական և փորձառական (էմպիրիկ) սահմանափակումները, և երկրորդ՝ արբանյակային բազմաթիվ դիտումների շնորհիվ արված հետազոտությունները, որոնք վերաբերում են նեյրոնային աստղերի և մագնետարների մասին մեր գիտելիքների բարելավմանը:
Արամ Սահարյանը ևս կարևոր ձեռքբերում համարեց Տիեզերքի՝ արագացումով ընդարձակման դիտողական գրանցումը՝ օրակարգային հարց համարելով, թե ինչն է դրա աղբյուրը:
«Մյուս մոտեցումն էլ այն է, որ դա գուցե մոդիֆիկացված գրավիտացիան է, այսինքն՝ կարող է մութ էներգիայի կարիք չկա, այլ պետք է գրավիտացիան փոխել»,- ասաց նա:

Բանախոսն առանձնացրեց նաև ռելիկտային ճառագայթման ջերմաստիճանային անիզոտոպիաների դիտողական գրանցումը, որը հնարավորություն է ընձեռում Տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքի մասին տեղեկություններ ստանալու հարցում: Հեղափոխական այդ հայտնագործության շնորհիվ մենք կարողանում ենք Տիեզերքի վիճակի վերաբերյալ գաղափար կազմել, օրինակ, երբ այն դեռ 380.000 տարեկան էր (Տիեզերքն այսօր 14 միլիարդ տարեկան է):
Արամ Սահարյանը՝ որպես տեսաբան ֆիզիկոս, առանձնացրեց մի կարևոր հանգամանք: Երբ ժամանակակից հետազոտություններից ստացվում են դիտողական նոր՝ նախորդ տեսությունների հետ անհամատեղելի փաստեր, արդեն իսկ նոր պատկերացումներ են առաջ գալիս և զարգանում, ինչպես, օրինակ, դա եղավ քվանտային ֆիզիկայի, հարաբերականության տեսության պարագայում:
Սեկցիան ներառում էր երկու պանելային քննարկում`
1.«Տիեզերքի ուսումնասիրման հեռանկարները Հայաստանում. ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ»
2.«Թվային աշխարհը կրթության, գիտության, կառավարման և տնտեսության աչքերով»:
Ժամանակի շունչը զգալու համար ծավալված հետաքրքիր քննարկումը՝ տեսանյութում:
Տեսանյութ